Ստ. Դանիելյան. «Ներկա քաղաքական իրավիճակը բացահայտեց 20 տարվա մեր քաղաքական դաշտի ողջ սնանկությունը»
«Հայաստանում ստեղծված ներկա քաղաքական իրավիճակը բացահայտեց 20 տարվա մեր քաղաքական դաշտի ողջ սնանկությունը»․ «Արտահերթ ընտրությունների ազդեցությունը Հայաստանի քաղաքական կյանքի վրա» քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էր «Ազատ միտք և ազատ խոսք» հասարակական կազմակերպությունը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ տարիներ շարունակ քաղաքական պրոցեսը եղել է մեկ գաղափարի շուրջ՝ իշխանափոխության։ «Ստացան իշխանափոխություն ու պարզվեց, որ դրանից ավել բան չկա։ Այսինքն, երազանքը կատարվեց և դատարկությունը բացվեց»,-նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով տեսակետներին, թե այս խորհրդարանը ժամանակավոր է լինելու՝ Ստեփան Դանիելյանը համաձայնեց՝ առանձնացնելով դրա հետ կապված երեք հիմնական խնդիր․
«Առաջինը՝ Արցախի հարցը, քանի որ ձևավորվող Խորհրդարանում չկան մարդիկ, որոնք Արցախի հարցը քննելու լեգիտիմություն ունենան հանրության առջև։ Երկրորդը լինելու է եռացող կոռուպցիան, ընդ որում՝ այս պրոցեսը թեկուզև ստվերային, բայց արդեն մեկնարկել է։ Երրորդը՝ երբ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունն ընկնի, այնտեղ հավաքված բազմությունը տրոհվելու է տարբեր խմբավորումների, որոնք չեն ունենալու խարիզմատիկ որևէ առաջնորդ։ Եվ երբ այս իրավիճակը ստեղծվի, հարց է առաջանում, արդյոք այդ ընթացքում որևէ քաղաքական միտք կզարգանա՞, որը կփոխարինի այդ կուսակցություններին Խորհրդարանում։ Հարցը սա է»։
Ստեփան Դանիելյանը նաև նկատեց, որ այսօր մի իրավիճակ է, երբ ունենք ինտելեկտուալ առումով սնանկ իշխող կուսակցություն, և ինտելեկտուալ առումով սնանկ մնացած քաղաքական դաշտ։
Աննա Բաղդասարյան
Top-News.am