Վրաստանի նախագահի որդին ձերբակալել է հետախուզվող հանցագործին
Վրաստանի առաջին նախագահ Զվիդա Գամսախուրդիայի որդին՝ Գեորին, որը Լեհաստանում Վրաստանի դեսպանատանը ոստիկանական կցորդ է աշխատում, մասնակցել է 39-ամյա Մամուկա Խեցուրիանիի ձերբակալման գործողությանը, որը բռնաբարության եւ սպանության համար Ինտերպոլի միջոցով հետախուզվում էր: Այս մասին հայտնում է «Sputnik-Գրուզիան» վկայակոչելով Ուկրաինայի ազգային ոստիկանության կայքի հաղորդագրությանը:
Գամսախուրդիան մտնում էր Լեհաստնաի եւ Ուկրաինայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված հատուկ խմբի կազմում, որը ստեղծվել էր հատուկ Խեցուրիանիի ձերբակալման համար: Մեղադրյալի ձերբակալման գործողությունը կատարվել է Ուկրաինայում: Լեհաստանի իշխանությունները նւան մեղսագրում են բռնաբարություն եւ Լեհաստանի 28-ամյա քաղաքացու մահը:
Կինն անհետացել էր հոկտեմբերի 20-ին: Իրավապահ մարմինները նրա մարմինը գտել էին որոնումների միայն 6-րդ օրը: Ավելի վաղ լեհական ոստիկանությունը պնդում էր, որ մեղադրյալը հոկտեմբերի 20-ին լքել է քաղաքը, իսկ հաջորդ օրը հատել լեհ-ուկրաինական սահմանը:
Ուկրաինայի ազգային ոստիկանության առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը շնորհակալություն է հայտնել Վրաստանից եւ Լեհաստանից գործընկերներին եւ պարգեւատրել խորհրդանշական հիշատակի շքանշաններով:
Լեհաստանի ոստիկանության կապի սպա Պավել Դոբոշը նույնպես շնորհակալություն է հայտնել վրացի եւ ուկրաինացի գործընկերներին համագործակցության համար:
«Բնակչության շրջանում մտավախություններ կան, որ արտագաղթի հետ բռնության ալիք կսկսվի: Իրականում, եթե մենք կապ պահպանենք, համագործակցենք, դա տեղի չի ունենա: Այսպիսով, մենք կկարողանանք հակազդել հանցավորություններին եւ իհարկե կարգուկանոն պահպանել Վրաստանի, Ուկրաինայի եւ Լեհաստանի սահմաններում», - ասել է Դոբոշը:
Պետք է նշել, որ Լեհաստանում 28-ամյա կնոջ մահվան գործով ավելի վաղ ձերբակալել էին Վրաստանի երկու եւ Բելառուսի մեկ քաղաքացու: Նրանք մեղադրվում են հանցագործությունը թաքցնելու մեջ: