Նոր ժամանակները նոր գործիչներ են ի հայտ բերում
Գաղտնիք չէ, որ Հայաստանի գրեթե գոյություն չունեցող քաղաքական դաշտի հիմնական խնդիրներից մեկը սկզբունքներ ունեցող, գաղափարներ եւ դիրքորոշում ունեցող գործիչների սակավությունն է:
Իրավիճակի հայտնի փոփոխությունից հետո Հայաստանում սպասված իրադարձություններից զատ տեղի ունեցան բավական անակնկալ փոխակերպումներ, ընդ որում, ոչ բոլոր դեպքերում տհաճ:
«Հեղափոխությունից» առաջ մենք ճանաչում էինք բոլորովին այլ Էդուարդ Շարմազանովի: Ճանաչում էինք ՀՀԿ-ի խոսնակին, որն ապրում էր օգտվելով կառավարող կուսակցության ղեկավար անդամի, պատգամավորի բոլոր առավելություններից, Հայաստանին եւ առկա խնդիրներին նայում էր իր լավ կահավորված սենյակի պատուհանից եւ ամեն ինչ տեսնում էր վարդագույն լույսով ողողված:
Մենք ճանաչում էինք այն Էդուրադ Շարմազանովին, որը ամեն հարցում պաշտպանում էր ՀՀԿ-ի քայլերն ու գործողությունները եւ անգամ առիթը բաց չէր թողնում Սերժ Սարգսյանին հաճոյախոսություններ անելու համար:
Հայտնի իրադարձություններից հետո, երբ Շարմազանովի կուսակիցներից ոմանք մեկ վայրկյանում հրաժարվեցին իրենց կերակրած եւ սնած ՀՀԿ-ից եւ ճամբարափոխ եղան, երբ այլ կուսակցության անդամներ դարձան ՔՊ-ականներ, երբ շատերը վախեցան կարծիք եւ տեսակետ հայտնել, Էդուրդ Շարմազանովը խոսեց, արտահայտվեց, կարծիք հայտնեց, եւ ամենակարեւորը՝ չշտապեց հարմար տեղավորվել նոր իրավիճակում:
Եթե կարծում եք, որ ցանկության դեպքում չէր կարող, ապա սխալվում եք: տեսեք, թե ովքեր տեղավորվեցին փափուկ անկյուններում, տեսեք, եւ վստահ եղեք, որ այդպես կարող էր նաեւ Շարմազանովը:
Ի պատիվ Շարմազանովի, նա նոր իրավիճակում իրեն դրսեւորեց որպես տեսակետ եւ դիրքորոշում ունեցող սկզբունքային գործիչ: Հենց նման գործիչներն են կայացնելու Հայաստանի քաղաքական դաշտը, եւ ոչ թե նրանք, որոնք կառավարող կուսակցության առաջին իսկ անհաջողության պարագայում շտապում են լքել նավը, եւ ոչ էլ նրանք, ովքեր շտապում են տեղ գրավել նոր կառավարող կուսակցության շարքերում, անկախ նրանից, թե ինչպես են արդարացնում իրենց քայլերը:
Նոյեմբերի մեկի Շարմազանովի ելույթը եւս վկայում է հենց այն մասին, որ Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը նոր եւ իսկական քաղաքական գործիչներ ի հայտ բերեց եւ այնտեղ, որտեղից ամենաքիչն էինք սպասում:
Շարմազանովը մի քանի փաստ մատնանշեց, մի քանի հարցադրում արեց, որոնք պատասխանի եւ պարզաբանման են սպասում, բայց հիմա հաստատ դրանք չեն լինի: Հիմա, սակայն, կարեւորն այն է, որ Հայաստանում կան սկզբունքներ ունեցող քաղաքական գործիչներ, որոնք չեն վախենում կարծիք հայտնելուց, չեն վախենում քննադատության արժանանալուց եւ պատրաստ են լուրջ եւ շահագրգիռ քննարկումների:
Հակոբ Ասատրյան
Top-News.am