Թրամփը զորք կուղարկի սահման՝ ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանը» կանգնեցնելու համար (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ քանակությամբ զորք կուղարկի ամերիկա-մեքսիկական սահման, որպեսզի կասեցնի Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանի» մուտքը երկիր:
Թրամփն այս մասին ասել է USA Today-ին տված հարցազրույցում՝ մանրամասնելով, որ ավելի քան 7.000 հոգանոց «քարավանում» կան նաև Մերձավոր Արևելքից մարդիկ: Այնուհանդերձ՝ նախագահն այս պնդման համար որևէ ապացույց չի ներկայացրել:
Լրագրողի հարցին առ այն, թե որքան զորք կուղարկվի սահման, Թրամփը պատասխանել է. «Որքան հարկ լինի, այնքան էլ կուղարկվի»:
Հիշեցնենք, որ Հոնդուրասից ու լատինամերիկյան այլ երկրներից դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանը», որի երկարությունը գերազանցում է 4 կմ-ը, արդեն ունի 7.000-ից ավելի անդամ:
Ներգաղթյալների ամբոխի մի մասը ներկայում գտնվում է Մեքսիկայի տարածքում, որտեղ հայտնվել է Գվատեմալայի սահմանը հատելուց հետո: Մյուսները գտնվում են Գվատեմալայում: Նրանք նպատակ ունեն Մեքսիկայի տարածքով հասնել Միացյալ Նահանգների սահման ու «երազանքների երկրում» ապաստան ստանալ:
Թրամփը հայտարարել է, որ ներգաղթյալների «քարավանը» քաղաքական դրդապատճառներ ունի՝ դրա համար մասամբ մեղադրելով նաև դեմոկրատներին: Այս հարցում Թրամփի հետ համակարծիք են նաև Հոնդուրասի ու Գվատեմալայի նախագահները:
Մինչդեռ իրենք՝ ներգաղթյալները, պատմել են, որ փախչում են հայրենիքում տիրող անմխիթար վիճակից, աղքատությունից ու հանցավորությունից: Հայտնի է, որ Հոնդուրասն աշխարհում ամենավտանգավոր երկրներից է, որտեղ բռնության մակարդակը չափազանց բարձր է. ըստ վիճակագրական տվյալների՝ այնտեղ յուրաքանչյուր 100.000 բնակչի 43%-ը սպանվում է: