Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տանը շրջող ուրվականների մասին
ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրերից Ջենա Բուշ-Հագերը հայտարարել է, որ Սպիտակ տանն ուրվականներ են շրջում, գրում է Huffington Post պարբերականը:
37-ամյա կինը NBC հեռուստաալիքի եթերում պնդել է, որ մի օր Սպիտակ տան սենյակներից մեկում, որ նա կիսում էր իր քրոջ՝ Բարբարայի հետ, հանկարծ սկսել է հնչել 1920-ականների երաժշտություն: Նրա խոսքով՝ ձայնը եկել է սենյակի բուխարու միջից:
«Ես ցատկեցի Բարբարայի անկողին, երկուսս էլ քնած չէինք: Մենք քննարկեցինք դա միմյանց միջև: Սակայն նրանք եկել էին բարի նպատակներով, դրանք ընկերասեր ուրվականներ էին», - ասել է Բուշի աղջիկը:
Նրա խոսքով՝ մոտ մեկ շաբաթ անց դեպքը կրկնվել է, սակայն այս անգամ բուխարուց լսվել է օպերային երգ:
Բուշ-Հագերը նաև պնդել է, որ տեղի ունեցածի մասին պատմել է Սպիտակ տան աշխատակիցներից մեկին, վերջինս բնավ չի զարմացել:
«Օհ, Ջենա, եթե ես պատմեմ, թե ինչեր եմ լսել, չես հավատա», - արձագանքել է Սպիտակ տան աշխատակիցը: