«Էրդողանը բռնապետ է». բողոքի ակցիաներ Մոլդովայում՝ Էրդողանի այցի կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջին պաշտոնական այցը Մոլդովա ուղեկցվում է բողոքի ակցիաներով:
Նախօրեին մինչ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը դիմավորում էր իր թուրք
պաշտոնակցին, մայրաքաղաք Քիշնևում՝ թուրքական դիվանագիտական
ներկայացուցչության մոտ տասնյակ ցուցարարներ Թուրքիայի առաջնորդի դեմ
պաստառներ էին պարզել՝ վանկարկելով՝ «Էրդողանը բռնապետ է»:
Բողոքի այս ակցիաները տեղի են ունենում Մոլդովաբնակ թուրք ուսուցիչների արտահանձնման շուրջ ծագած սկանդալի ֆոնին։
Անկարայի պահանջով՝ մոլդովական իրավապահները ձերբակալել և Թուրքիայի
իշխանություններին են արտահանձնել յոթ ուսուցիչների, ովքեր դասավանդում էին
այդ երկրում գործող թուրքական դպրոցներում, որոնք կապվում են Էրդողանի
ընդդիմախոս Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ:
Թուրքիայի իշխանությունները հենց նրան են համարում 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ։
Էրդողանը Մոլդովա է ժամանել երկօրյա այցով՝ թուրք-մոլդովական կապերը
սերտացնելու նպատակով: Այցի հենց առաջին օրը նա հայտարարել է, որ թուրքական
երկու պետական բանկերն իրենց մասնաճյուղերը կբացեն Մոլդովայում,
կստորագրվեն տնտեսական կապերը զարգացնելու մասին մի շարք այլ փաստաթղթեր։
Մոլդովայի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում
ակտիվություն է նկատվում։ Ըստ կողմերի, երկկողմ համագործակցության տեմպերն
աճում են:
Մոլդովայի իշխանությունները բարձր են գնահատում ֆինանսական և տեխնիկական
օժանդակությունը, որը Թուրքիան հատկացնում է TIKA-ի՝ «Թուրքական
համագործակցության ու համակարգման գործակալության» միջոցով:
Թուրքիայի կառավարության կողմից ավելի քան երկու տասնամյակ առաջ
ստեղծված այս կառույցը մարդասիրական ծրագրեր է իրականացում բազմաթիվ
երկրներում:
Ի դեպ, Իգոր Դոդոնը Ռեջեփ Էրդողանին ընդունել է նախագահական
նստավայրում, որը վերանորոգվել է հենց այդ կազմակերպության նյութական
միջոցների շնորհիվ:
2009 թվականին մոլդովացի ցուցարարների անկարգությունների հետևանքով
ավերված նախագահական նստավայրը վերանորոգելու համար Անկարան շուրջ 10
միլիոն դոլար է հատկացրել մոլդովական կառավարությանը: