ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումն ամրագրված է կառավարության ծրագրում․ ԱԳՆ
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները բազմիցս ընդգծվել են, ինչը նաև հստակորեն ամրագրված է կառավարության ծրագրում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հիմնախնդրի մասին վերջին հայտարարություններին:
«Այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշմանն ու մոտեցումներին անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարարը երեկ ԱլԳ նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռիչարդ Միլսը նկատել է, որ տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած առանցքային գաղափարներից է: Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ կառավարությունը խնդրի նման լուծումը դիտարկում է «հող խաղաղության դիմաց» համատեքստում: Դեսպանը նաև իր զարմանքն է հայտնել, որ այդ տարբերակը ժամանակին չեն սատարել՝ որպես հակամարտության բանակցային կարգավորման իրական հնարավորություն:
Նշենք, որ ԱԳ նախարարն ԱլԳ նախարարական հանդիպմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են։