Լարված իրավիճակ Երեւանի կենտրոնում
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Սայաթ-Նովա-Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցների ներսի հատվածում հետագայում կառուցվող՝ նորակառույց շենքի դեմ բողոքի ակցիա անող բնակիչների կողմից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջիններս հերթական անգամ Երեւանի նորընտիր ավագանուն հորդորում են, որպեսզի նրանք քարոզարշավի ժամանակ իրենց տրված խոստումը կատարեն, քանի որ նշված հատվածում կառուցվում է բազմաֆունկցիոնալ շենք։
Այսօր նշված վայր էին ժամանել նաեւ ավագանու մեծ թվով անդամներ, որոնք քաղաքապետի երդմնակալությունից հետո տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով ժամանել էին նշված վայր։ Այստեղ է ժամանել նաեւ կառուցապատողի որդին, ով հայտնեց, որ իրենց գործողությունները օրինական են. իրենք ոչ մի անօրինական գործողություն չեն կատարում։
Երեւանի ավագանու անդամները բնակիչների եւ կառուցապատողի որդու հետ եկան պայմանավորվածության, որ ժամանակավորապես շինարարական աշխատանքները կդադարեցվեն, մինչեւ տեղում կծանոթանան խնդրին եւ հայտարարեցին, որ խնդիրը լուծվելու է՝ ի շահ բնակչի։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել
0
SHARES