Իսկ ում շահերն են սպասարկել սահմանին կանգնած զինվորականները
Հայաստանում խայտառակ սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Հանրությունը դեռ չի հասցնում մարսել մեկը՝ սկսվում է մյուսը: Սա ծանր բեռ է մարտահրավերներով լեցուն երկրի համար:
Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը խոսելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մասին, չափազանց նվաստացուցիչ եւ պատվիրակության աշխատանքը զրոյացնող հայտարարություն արեց․ «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը, եւ նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ»։
Վարչապետը ոչ ավելի, ոչ պակաս կոռուպցիոն համակարգի մաս կամ սպասարկու համարեց մի պատվիրակության, որը առանց հզոր աջակցության բավական լավ եւ արդյունավետ պայքար է մղել ադրբեջանաթուրքական համատեղ ուժերի դեմ:
Նիկոլ Փաշինյանը զրոյացնում, հողին է հավասարեցնում մի պատվիրակության աշխատանք, որի կազմում է նաեւ իր դաշնակից Էդմոն Մարությանը, նաեւ այն ուժի ներկայացուցիչները, որի առաջնորդի հետ հուշագիր է ստորագրել:
Ցավալի է նաեւ այն, որ այս հայտարարությունը համապատասխան եւ համարժեք արձագանք չգտավ հասարակության կողմից: Իսկ Փաշինյանի հայտարարությունը գրեթե նույնն էր, եթե նա ասեր, որ սահմանին գիծեր եւ ցերեկ կանգնած, թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող մեր զինվորները, սպաները սպասարկել են նախկին կոռուպցիոն համակարգը:
Ինչպես հայ զինվորներին է հաջողվում կասեցնել ադրբեջանական դիվերսիոն հարձակումները, այնպես էլ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակները կանխել եւ չեզոքացրել են ադրբեջանաթուրքական դիվանագիտական հարձակումները: Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ մյուսները բավական հաջող եւ արդյունավետ աշխատանք են իրականացրել, եւ երբեք շնորհակալության չեն սպասել, բայց նման գնահատականի եւս չեն սպասել:
Վարչապետի սկանդալային հայտարարությանը ոչ թե պետք է պատվիրակության անդամներն արձագանքեն, այլ նախ եւ առաջ այն կուսակցության առաջնորդները, որոնց անդամակցում են պատվիրակները: Վարչապետի հայտարարությանը պետք է արձագանքեն նաեւ մտավորականները, հասարակական գործիչները, բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ մեր երկիրը հայտնվի ասֆալտին փռված վիճակում կամ էլ պատերով տրված լինի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am