Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք. Հովիկ Չարխչյան
Ցանկացած երկրում, ցանկացած իրավիճակում հասարակության գերքաղաքականացումն իր ետևից ավերածություններ է թողնում: Մենք այս իմաստով, ցավոք, բացառություն չկազմեցինք: Այսօր ներքին բևեռացումը շատ դեպքերում ձեռք է
բերում ագրեսիվ որակներ, ընդդիմախոսներին ոչնչացնելու հիվանդագին մոլուցք,
նպատակին հասնելու համար միջոցների մեջ ընտրություն չկատարելու հանցավոր
հետևողականություն: Ու եթե նույնիսկ ընդունենք, որ հեղափոխական
իրավիճակներում գրեթե անհնար է խուսափել առճակատումներից, ամեն դեպքում
չենք կարող նաև չարձանագրել, որ հակազդեցությունը ոչ միշտ է ազնիվ և ոչ
միշտ են ընտրվում ճիշտ թիրախներ:
Արդյունքում, ինչպես ժողովուրդն է ասում, թացն էլ այրվում է չորի հետ:
Վարկաբեկվում, անվանարկվում են պատվարժան մարդիկ, ովքեր այս երկրի ու
ժողովրդի առաջ նշանակալի ավանդ ունեն: Եվ նրանց միակ «մեղքն» այն է, որ
որոշակի հարցերի շուրջ պաշտպանում են այլ տեսակետ և իրենց սկզբունքների մեջ
փոփոխական չեն: Մերկապարանոց, չհիմնվորված, մտացածին մեղադրանքներ են
նետվում հրապարակ և ոչ ոք չի մտահոգվում, թե որն է ճշմարությունը:
Առաջնային նպատակ է դառնում ամեն գնով չեզոքացնել այլակարծությունը,
հոգեբանորեն ճնշել նրանց, ովքեր չեն կիսում մյուսների կարծիքը: Նման
երևույթներն, ինչ խոսք, չեն կարող ստվեր չնետել հեղափոխության որդեգրած
արժեքների վրա: Այդ իսկ պատճառով էլ բոլոր այն մարդիկ, ովքեր սթափ
մտածությամբ են օժտված, ահազանգում, տագնապ են հնչեցնում ձևավորվող
մթնոլորտի առնչությամբ: Այլապես ի՞նչ արժե սիրո ու հանդուրժողականության
մասին կարգախոսը, եթե շրջապատում ոչ սեր ես տեսնում, ոչ էլ առավել ևս`
հանդուրժողականություն: Հայտնի բան է, որ մեծ ալիքներն իրեն հետ բերում են
նաև շատ փրփուր և շատ աղբ:
Ու հիմա մենք լուրջ խնդիր ունենք` ձերբազատվել
հեղափոխության վերափոխիչ հորձանքի հետ ներթափանցած ավելորդություններից,
մաքրաջրել, զուլալեցնել, հանդարտեցնել տարերքը, կյանքը տեղափոխել բնականոն
հուն: Իսկ եթե իրոք ուզում ենք մաքրել մեր երկիրը աղտեղությունից, դա պիտի
անել մաքուր ձեռքերով ու մաքուր խղճով: Ուրիշ ճանապարհ չկա, քանի որ
հակառակ դեպքում կասկածի տակ կդրվի ողջ գործընթացի բարեհաջող ելքը:
Հեղափոխությունը պիտի ինքնամաքրվի:
Պիտի մերժվի սևերի ու սպիտակների
բաժանելու հանցավոր մտայնությունը, որը պառակտումների սերմ է բերում: Պիտի
փակվեն զազրախոսների բերանները:
Պիտի սանձվեն բոլոր նրանք, ովքեր
պատեհապաշտության դիրքերից հաշվեհարդար են տեսնում մյուսների հետ և դա
մատուցում են իբրև պայքար նոր Հայաստանի համար: Պետք է վերջ տրվի ոհմակային
մտածողությանը: Չէ՞ որ մարդիկ հենց դրա դեմ ոտքի կանգնեցին:
Հովիկ Չարխչյան
Գրականագետ