Քանյե Ուեսթի աջակցությունը Թրամփին անհրաժեշտ է միջանկյալ ընտրություններում սևամորթների կողմից ավելի շատ ձայն ստանալու համար. լրատվամիջոցներ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն այսօր կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, լուրն արդեն հաստատվել է նաև Սպիտակ տան կողմից:
Ինչպես գրում է The New York Times-ը, երկրում մեծ հեղինակություն վայելող աֆրոամերիկացի Ուեսթի աջակցությունն, ամենայն հավանականությամբ, Թրամփին անհրաժեշտ է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում սևամորթների կողմից ավելի շատ ձայներ ստանալու համար, մինչդեռ այս ամենը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Չի բացառվում, որ ռասիստի համբավ ձեռք բերած Թրամփի հետ մտերմությունը կարող է հանգեցնել հենց Քանյե Ուեսթի վարկանիշի անկմանը:
Ավելի վաղ ռեփերն արդեն լուրջ քննադատությունների էր ենթարկվել Թրամփին աջակցելու համար:
Ինչպես gazeta.ru-ի հետ զրույցում նշել է Մոսկվայում Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին, սևամորթներն ԱՄՆ-ում ավանդաբար ընտրում են Դեմոկրատական կուսակցությանը:
Ըստ նրա՝ նրանց ենթագիտակցության մեջ հանրապետականները դեռ «թշնամի են», և անգամ Քանյե Ուեսթի պես ազդեցիկ անձի հետ հանրապետական Թրամփի մտերմությունը չի կարող փոխել այդ մոտեցումը:
Նշենք, որ օրեր առաջ Ուեսթը հանկարծակի անհետացել է սոցցանցերից՝ ջնջելով իր հաշիվները Twitter-ում և Instagram-ում: Չի բացառվում, որ ռեփերի նման քայլի պատճառ է դարձել նրա դեմ ուղղված քննադատությունների ալիքը: