Ոչ ոք չի ասել, որ հոկտեմբերի 1-ից այդ արգելքը կվերանա
Մեկ շաբաթ առաջ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։
Բողոքողները նշել են, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք պետք է, հոկտեմբերի 1-ից հետո մտնեին Հայաստան: Սակայն նրանք իրազեկված չեն եղել, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել եւ գործողության հստակ ժամկետներ չի սահմանել։ Այսինքն, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը արգելելը չի նշանակում, որ հոկտեմբերի 1-ից հետո հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել:
«Իմ կարծիքով՝ հարցի ճիշտ լուծման տարբերակն այն կլիներ, որ քաղաքացիները մինչեւ մի բան նախաձեռնելը ուսումնասիրեին այդ դաշտը ու չնախաձեռնեին գնալ եւ մեքենաներ բերելը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
- Պարոն Փամբուխչյան, քաղաքացիները բողոքում են, որ աջ ղեկով մեքենա ներկրողները, հույս ունենալով, որ հոկտեմբերի 1-ից ներկրման արգելքը վերանալու էր, մի քանի հազարի հասնող մեքենաներ են ներկրել, որոնք Վրաստանի սահմանում են մնացել: Արդյո՞ք այդքան շատ մեքենաներ կան եւ եթե կան, տրանսպորտի նախարարությունն ինչպե՞ս է այդ խնդրին պատրաստվում լուծում տալ:
- Արգելքը ոչ թե հոկտեմբերից 1-ից է գործում, այլ ապրիլի 1-ից: Հոկտեմբերի 1-ը ժողովրդի մեջ գցած խոսակցություն է, ոչ ոք չի ասել, որ հոկտեմբերի 1-ից այդ արգելքը կվերանա: Ինչ-որ քանակի մեքենաներ կան: Քննարկումներ գնում են:
- Իսկ այն տարբերակը, որը քննարկվել է՝ գալ եւ Հայաստանում ղեկը փոխել, դա ինչո՞ւ չի թույլատրվում:
- Դա էլ անվտանգության մեծ ռիսկեր է պարունակում: Ներկրողները նույնպես փաստում են, որ ղեկային համակարգը փոխելը առաջացնում է բարձր անվտանգության ռիսկեր: Հիմա, եթե ժողովրդին բարձր ռիսկայնությամբ մեքենաներ մատուցենք եւ վաղը մյուս օրը վթարներ լինեն, մենք ենք մնալու պատասխանատվության տակ:
- Օրենսդրական այս քիչ հնարավորությունների պարագայում հարցի լուծման ի՞նչ օպտիմալ տարբերակներ ունեք:
- Իմ կարծիքով՝ հարցի ճիշտ լուծման տարբերակն այն կլիներ, որ քաղաքացիները մինչեւ մի բան նախաձեռնելը ուսումնասիրեին այդ դաշտը ու չնախաձեռնեին գնալ եւ մեքենաներ բերելը: Ստեղծված իրավիճակը մի փոքր պատային է դառնում եւ մենք փորձում ենք ինչ-որ բան անել:
- Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ հնարավոր է անգամ փոփոխված ղեկային համակարգով մեքենաների ներկրումը արգելվի: Այդպիսի քննարկումներ իրականացվո՞ւմ են:
- Քանի որ մենք պատասխանատու ենք տրանսպորտի քաղաքականության համար, ես անձամբ չեմ ուզում վերցնել այն պատասխանատվությունը, որ երկրում պետական մակարդակով թույլատրվի այնպիսի գործողություններ, որոնք հետագայում պատուհաս են դառնալու քաղաքացիների համար: Սրանք, իհարկե, վերջնական տարբերակներ չեն, բայց ամեն դեպքում մենք շատ ակտիվ հետեւում ենք այդ իրադրությանը: