Մտնում ենք անկայունության եւ ցնցումների մի նոր փուլ
Երեւանի ավագանու ընտրություններից հետո ոմանք վստահություն էին հայտնում, թե «Քաղաքացիական պայմանագիրը» եւ նրա առաջնորդը կհանդարտվեն, կխաղաղվեն եւ վերջապես ձեռնամուխ կլինեն երկրի զարգացմանն ուղղված գործերին, ինչպես նաեւ հանդարտությամբ եւ առանց շտապելու կպատրաստվեն, կնախապատրաստվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չհրապարակած ՔՊ-ն դարձավ անհամեմատ ավելի ագրեսիվ, ավելի շտապող եւ շատ ավելի անհասկանալի:
Ցավալի է, բայց փաստ՝ Հայաստանը թեւակոխում է անկայունության եւ ցնցումների մի նոր փուլ, որը հաստատ հերթական հարվածն է հասցնելու մեր թույլ տնտեսությանը: Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավորած թիմը, ինչպես ասվում է հայտնի երգում, գոռում են, գոչում, պահանջելով արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին:
Ի՞նչ կշահենք, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին՝ ոչինչ: Ընդամենը ուրախ կլինեն ՀՀ քաղաքացիների մի մասը, հատկապես ՔՊ-ականները: Ուրախ կլինեն նրանք, ովքեր կզբաղեցնեն ընդդիմության համար նախատեսված տեղերը, բայց վստահ եղեք, մեր երկիրը այդ ընտրություններից ոչինչ չի շահի:
Վստահ եղեք նաեւ, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո եւս ներդրումներ չեն լինի, տնտեսական կյանքը չի ակտիվանա, քանի որ ՔՊ-ի առաջնորդների շեշտադրումները որեւէ կերպ չեն կարող նպաստել ոչ բիզնեսի աշխուժացմանը, ոչ էլ ներդրումների հոսքին:
Եթե դեկտեմբերին կայանան արտահերթ ընտրություններ, ապա արդեն գարնանը կստանանք մի վիճակ, երբ խորհրդարանը չի արտացոլի հասարակական տրամադրությունները: Կանցնի էյֆորիան, կմնա հիասթափությունը եւ մարդիկ կհասկանան, որ հեղափոխությունից հետո միակ փոփոխությունն այն էր, որ մի զբոսայգի ստացան քայլելու համար:
Հիմա այս անկայունության համար ոմանք մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ նա բացարձակ կառավարման է ձգտում, ոմանք մեղադրում են ՀՀԿ-ականներին, եւ բոլոր նրանց, ովքեր դեմ են օր առաջ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, ոմանք էլ մեղադրում են ինչ որ խորհրդավոր ուժերի, բայց շատ քչերն են ընդունում եւ խոստովանում, որ այս ամենի պատճառը գործող սահմանադրությունն է:
Դեռ սահմանադրական հանրաքվեից առաջ եղան գործիչներ, որոնք զգուշացնում էին, որ այս սահմանադրությամբ մենք մեզ կարող ենք գցել չվերջացող անկայունության փուլ, ցավոք այն ժամանակ, եւ հիմա էլ բանականության ձայնը լռեցվում է, քանի որ մեզ մոտ գերիշխում են նեղ անձնական եւ խմբակային շահերը:
Այսպես, թե այնպես, ուզենք, թե չուզենք, թեւակոխում ենք անկայունության մի նոր փուլ, որից դուրս գալու համար անհրաժեշտ է ընդամենը, որ Հայաստանում վերջապես բանականությունը հաղթի հույզերին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am