Ինչ է լինում, երբ ամայանում է քաղաքական դաշտը
Երեւանի ավագանու, իսկ իրականում քաղաքապետի ընտրություններում արձանագրված արդյունքները միաժամանակ եւ անակնկալ էին, եւ տրամաբանական:
Այսպես է լինում, երբ դե ֆակտո ամայի քաղաքական դաշտում տեղի են ունենում ընտրություններ եւ միաժամանակ ընտրողներին չեն ուղղորդում, չեն պարտադրում քվեարկել այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին:
Այսօր պետք է արձանագրենք, որ Հայաստանում ազդեցիկ, հեղինակավոր, ծանրակշիռ որեւէ քաղաքական ուժ չի մնացել: Այո, ոչ միա քաղաքական ուժ: Ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե ոչ, բայց «Քաղաքացիական պայմանագիրը» եւս պատկանում է վերանշյալների թվում:
Հայկ Մարությանի գլխավորած ցուցակը ստացավ ընտրությունների մասնակիցների ձայների ավելի քան ութսուն տոկոսը ոչ թե ներկայացված ծրագի, ոչ թե առաջին համարի արժանիքների, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշի հաշվին:
Նրանք, ովքեր մտահոգ են Հայաստանի զարգացմամբ, վաղվա օրով այս ամենը չեն կարող անտարբերությամբ ընդունել: Հայաստանում, բառիս բուն իմաստով, քաղաքական դաշտ գոյություն չունի, իսկ առանց քաղաքական համակարգի զարգացման իրական առաջընթաց եւ զարգացում չի կարող լինել:
Դժվար չէ կռահել, որ այս իրավիճակում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները էապես չեն կարող տարբերվել Երեւանու ավագանու ընտրություններից: Մենք կունենանք 70 տոկոսանոց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն եւ օրենքի ուժոց պարտադրված երեսուն տոկոսանոց ընդդիմություն: Եւ հավատացեք, այս համապատկերում որեւէ նշանակություն չի ունենա, թե ովքեր եւ առավել եւս որ քաղաքական ուժերը կզբաղեցնեն ընդդիմության համար նախատեսված պատգամավորական աթոռները:
Հիմա առողջ ուժերին, երկրի զարգացմամբ մտահոգ ուժերին պետք է անհանգստացնի հերթական բացարձակ մեծամասնությունը, որ կարող է ձեւավորվել խորհրդարանում, երկրում, ընդ որում, առանց լուրջ հակակշիռների: Իսկ երբ հերթական անգամ ընդունենք իրականությունը, կհասկանանք, որ մեծամասնությունը ոչ թե որեւէ քաղաքական ուժինն է, այլ այդ ուժի առաջնորդինն է, որը իր վրա ահռելի պատասխանատվություն է վերցնում:
Նիկոլ Փաշինյանին (Հայկ Մարությանի փոխարեն կարող էր լինել գրեթե ցանկացած անուն ազգանուն) քվեարկածների ճնշող մեծամասնությունը վստահ է, որ իրենք տանը նստելու են, լավագույն դեպքում ֆեյսբուքյան ստատուսներ գրեն, իսկ վարչապետը կախարդական փայտիկով հերթով բարելավելու է բոլորի կյանքը եւ կարգավորելու բոլոր ոլորտները:
Ոմանք Փաշինյանի գլխավորած ուժին ձայն են տվել այդպես շնորհակալություն հայտնելով տեղի ունեցած փոփոխության համար: Համաձայնեք, որ այսպես չի կարող երկար շարունակվել: Առանց քաղաքական դաշտի, առանց հակակշիռների մենք առաջ շարժվել չենք կարող:
Նիկոլ Փաշինյանն անգամ հակակշիռ չունի իր սեփական թիմում: Նրա կողքին չկան այնպիսի գործիչներ, որոնք քիչ թե շատ հեղինակոսւթյուն ունեն: Նրանց ժողովուրդն ընդունում է այնքանով, որքանով նրանք վարչապետի կադրերն են:
Համեմատության համար նշենք, որ ութսունականների վերջեին, իննսունականների սկզբներին Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր կարող միահեծան որոշումներ կայացնել: Որոշումները հիմնականում կայացվում էին ծանր եւ բուռն քննարկումներից հետո:
Նիկոլ Փաշինյանը չափազանց ծանր բեռի տակ է մտել եւ չափազանց բարդ իրավիճակում հայտնվել: Եւ նրանք, ովքեր աչք են փակում այս ամենի վրա կամ հայտարարում են, թե որեւէ խնդիր չեն տեսնում , եւ որ ամեն ինչ օքեյ է կամ չեն հասկանում, թե ինչ իրավիճակ է կամ արջի ծառայություն են մատուցում Փաշինյանին:
Այս երկիրն իրապես սիրողները չեն կարող լռել եւ ոչինչ չասել: Նիկոլ Փաշինյանն, անկասկած, ուզում է լավ գործ անել, ուզում է դրական տեղաշարժել ստեղծել, բայց նա օգնության կարիք ունի, ընդ որում, իրական եւ ոչ թե գովասանքների եւ արձանների:
Հիմա արդեն էական չէ, թե ինչու այսպես ստացվեց: Պատճառները շատ-շատ են: Հիմա կարեւորն այն է, որ ելք գտնենք այս իրավիճակից, խուսափենք անձի պաշտամունքից, խուսափենք անտարբեր լինելուց, խուսափենք ամբոխավարությունից, միաժամանակ արձանագրելով, որ հինը վերադարձ չունի: Հիմա մտածենք այսօրվա եւ վաղվա մասին:
Էյֆորիկ վիճակը չի կարող անդադար շարունակվել: Այն մի օր ավարտվելու է: Հիմա կարեւոր է արձանագրել, որ որեւէ դեպքում չի կարելի էյֆորիկ վիճակում համապետական ընտրություններ անցկացնել: Պետք է հանդարտվել, շահագրգիռ եւ անկեղծ քննարկումներ, եթե կուզեք բանակցություններ անցկացնենք, փոխենք ընտրական օրենսգիրքը եւ ավելի հանդարտ վիճակում անցկացնենք արտահերթ ընտրություններ:
Մեր աչքի առաջ է համաշխարհային փորձը: Ընդամենը պետք է խոհեմ լինենք, շարժվենք բանականությամբ, մի կողմ թողնելով հույզերը, միշտ մտքում ունենալով, որ ունենք Արցախի դեռ չկարգավորված խնդիր եւ ռազմաճակատի գիծ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am