Նախարարը մոլորության մեջ է գցել 80 հազար թոշակառուի
Սեպտեմբերի 12-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում խրոխտ կերպով հայտարարեց, որ Հայաստանում այլևս ծայրահեղ աղքատներ չեն լինելու.«Ինչպես խոստացել էինք, մեր երկրում չի լինելու ծայրահեղ աղքատ կենսաթոշակառու՝ բոլորը ստանալու են պարենային նվազագույն զամբյուղից բարձր կենսաթոշակ»,-ասել էր նախարարը հավելելով, որ այսուհետ նվազագույն թոշակի շեմը կբարձրացվի 25 հազար դրամ։
Նախարարի այս խրոխտ հայտարարությունը մասնագետների մոտ զարմանք առաջացրեց, քանի որ իր հայտարարած թվերը որևէ կերպ չեն անցնում պարենային նվազագույն զամբյուղի համար սահմանված գումարի շեմը, ավելին բավական հետ են մնում:
Ըստ պաշտոնական տվյալների պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմում է 35 214 դրամ, իսկ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը 62 329 դրամ (տես՝ ՀՀ Վիճակագրական կոմիտեյի սահմանած պարենային նվազագույն զամբյուղի աղուսյակը, հավելված 2):
Ահա այս հանգամանքն է ստիպում մասնագետներին կասկածով մոտենալ նախարարի հայտարարությանը: Ամենայն հավանականությամբ, Մանե Թանդիլյանը չի տիրապետում իր ոլորտում տիրող իրավիճակին կամ նա միտումնավոր է ապատեղեկատվություն տարածում, որպեսզի ստեղծվի տպավորություն, որ նոր կառավարության ջանքերի շնորհիվ աղքատությունը վերանում է:
Իրականությունն այն է, որ պաշտոնական տվյալներով 80 հազար ծայրահեղ աղքատ թոշակառու նախարարի հայտարարած թոշակը ստանալու դեպքում էլ պետք է որևէ տեղից դրան ավելացնի 10 հազար դրամ, որպեսզի կարողանա ապահովել իր համար սահմանված պարենային նվազագույն զամբյուղը: