Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը Բաքվի ոչ կառուցողական գործողությունների անմիջական հետեւանքն է
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը Բաքվի ոչ կառուցողական գործողությունների անմիջական հետեւանքն է: Այս մասին հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հայկական խաղաղ բնակավայրերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի հերթական դրսեւորումը:
«Սա Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելու անմիջական հետեւանքն է եւ կրկին ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը բանակցային գործընթացին եւ խաղաղություն պահպանման համար ստանձնած պարտավորություններին», - ընդգծեց Տիգրան Բալայանը:
ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ պաշտոնական Երեւանը իրավիճակի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին:
Ավելի վաղ հաղորդվել էր, երեկ ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են սահմանամերձ Չինարի գյուղը: Վնասվել են մի քանի տների եւ մանկապարտեզների պատերը, տանիքները, ջրատար խողովակները եւ բաքերը:
Սա վերջին օրերին Հայաստանի սահմանամերձ գյուղերի եւ ճանապարհների գնդակոծման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ ռմբակոծվել էին Բաղանիս եւ Կոթի գյուղերը: