Թող ստուգեն՝ մարդը զենք ունի, թե ոչ, ոչ թե գնան ավտոմատներով փռեն գետնին, հետո բաց թողնեն. Պետրոս Ղազարյան
Առհասարակ ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն Երեւանի ընտրությունները ինչ-որ թիկնազորի հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը։
Հարցին, թե մտահոգություններ չկա՞ն, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորին էլ «ասֆալտին կփռեն», նա արձագանքեց, որ Ծառուկյանն օլիգարխ չէ։ Նույն խնդրի առնչությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը նշեց, որ ընդհանրապես, ոստիկանությունը կարող է իր էջում բացել եւ նայել՝ այդ մարդը զենք ունի, թե ոչ, ոչ թե գնան ավտոմատներով փռեն գետնին, տանեն ստուգեն զենքի օրինական լինելը, հետո բաց թողնեն, բայց տպավորություն թողնեն, թե փռել են։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից ընտրակեղծարարության մասին լուրերին, Պետրոս Ղազարյանն ասաց, որ ճիշտ կլինի այդպիսի բան ասողները փաստեր ներկայացնեն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am