Ուկրաինան և Վրաստանը պայմանավորվել են պայքարել «օրենքով գողերի» դեմ
Ուկրաինան և Վրաստանը պայմանավորվել են «օրենքով գողերի» և թմրահանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին։ Այս մասին հանդիպման ժամանակ խոսել են Ուկրաինայի և Վրաստանի ՆԳ նախարարներ Արսեն Ավակովն ու Գեորգի Գախարիան։
«Մեզ հետաքրքրում է ոստիկանության քրեական բաժնի փոխգործակցությունը։ Գլխավոր խնդիրը մարդկանց նույնականացումն է և տեղեկատվության պաշտոնական փոխանակումը։ Մեզ մոտ իրավիճակներ են եղել, երբ բավականին երկար ժամանակ չենք կարողացել ձերբակալված Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկություն ստանալ։ Մենք հասկանում էին, որ նա քրեական հեղինակություն է, բայց վրացական կողմի հաստատումը չունեինք։ Մյուս խնդիրը գերատեսչությունների փոխգործակցության հարցն է «օրենքով գողերի» հետ կապված»,-նշել է Ավակովը։
Ազգային ոստիկանության առաջին փոխոստիկանապետ Վյաչեսլավ Աբրոսկինը հայտնել է, որ ՆԳՆ-ն միջպետական աշխատանքային խմբի ստեղծում է նախաձեռնում՝ կազմակերպված հանցագործության և «օրենքով գողերի» դեմ պայքարում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև թմրահանցագործությունների դեմ պայքարի հարցը։