Լսելի կդառնա՞ Ռոբերտ Քոչարյանի սթափության կոչը
Այս թեմայով
- Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ–ի դեմ հայց է ներկայացրել
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ Կոտայքի մարզի քաղաքացիների հետ (տեսանյութ)
- Երկրի համաչափ զարգացման հարցը երկրի ոչ միայն տնտեսական հարցն է, այլ նաև անվտանգության
- «Ինչու է ՀՀ վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը». Ռ. Քոչարյանի հոդվածը EurActiv-ում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 6-ին հանդես է եկել հայտարարությամբ, որը, ցավոք, նախընտրական այս թոհուբոհում ցանկալի արձագանք չունեցավ, որի համար կարելի է միայն ափսոսալ:
Ռոբերտ Քոչարյանը մեզ սթափության կոչ է անում, բայց մենք ազգովի կարծես խլացել ենք եւ դարձել մի կուսակցության՝ ՀՀԿ-ի վերնախավի խաղալիքը:
Երբ տասը տարի երկիրը հաջողությամբ ղեկավարած գործիչը հայտարարում է, թե որեւէ ոգեւորիչ բան ասելու հիմք չեմ տեսնում, սա արդեն իսկ բավարար է, որ մենք դադարմ վերցնենք, նայենք մեր շուրջը եւ որոշակի հետեւություններ անենք:
«Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատեւ բացասական հետեւանքներով»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը: Իսկ հանրությունը, կարծես, մոռացել է խայտառակ սահմանադրական հանրաքվեի մասին:
Դժվար է չհամաձայնել Ռոբերտ Քոչարյանի հետ, որ նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսեւորումները:
Նայեք ձեր շուրջը, տեսեք ինչ խայտառակ վիճակ է, տեսեք, թե ինչ է կատարվում, տեսեք, թե ինչ ստորացուցիչ վիճակի մեջ են գցում մեր ընտրողներին, տեսեք եւ փորձեք հետեւություններ անել, եւ ոչ թե ՀՀԿ-ականների խոսնակ Էդուարդ Շարմազանովի նման ցինիկաբար հայտարարեք, թե ոչ մի խնդիր էլ չկա, եւ որ ամեն ինչ լավ է ինչպես երբեք, եւ ընտրություններն էլ քաղաքական են:
«Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը: Ցավոք, իրականությունն ավելի դաժան է եւ նողկալի, ցավոք,մենք՝ հանրությունը որեւէ հետեւություն չի անում:
Իսկապես, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է՝ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում:
Այս իրավիճակում քաղաքական պայքարի դուրս եկած ուժերի վիճակը բավական ծանրանում է: Դժվար է շախմատ խաղալ, երբ քո մրցակիցը բռնցքամարտում է: Դժվար է քաղաքական պայքար մղել, երբ մարդկանց ստրուկի նման ցուցակագրում են, խոստանալով փող բաժանել:
Այս իրավիճակում մնում է ընտրողին կոչ անել, խնդրել, աղերսել, որ հեռու մնան ընտրակաշառքից եւ ընտրակաշառք բաժանողներից: Մնում է բացատրել,ասել, որ որեւէ մեկը չի կարող ստուգել,պարզել, թե դուք ինչպես եք քվեարկել:
Սա է իրականությունը եւ հայտնի չէ, թե լսելի կդառնա արդյոք ՀՀ երկրորդ նախագահի սթափության կոչը:
Վահրամ Գեւորգյան