«Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի
Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։ Այս միջոցները, ինչպես գրում է gazeta.ru-ն, Բելառուսի իշխանությունները մտադիր են ուղղել Ռուսաստանին արդեն իսկ ունեցած պարտքերի մարմանը։
Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլիյ Մատյուշևսկին լրագրողներին հայտնել է, որ Բելառուսը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր վարկի տրամադրման շուրջ։ Խոսքը 1 մլրդ դոլարի մասին է։ Ըստ նրա՝ նոր վարկը կուղղվի արդեն գոյություն ունեցող պարտավորությունների մարմանը։ Այս գումարի կեսը նախատեսվում է վերաֆինանսավորել։
Բելառուսի ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ երկրի արտաքին պետական պարտքը կազմել է $16,9 մլրդ, տարեսկզբին այն եղել է $17,3 մլրդ։ Դրանք պատմական առավելագույնն են Բելառուսի համար արտաքին փոխառությունների ծավալի առումով։
Մինսկը հույս ուներ վարկ վերցնել նաև Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Սակայն բանակցությունները դեռ թույլ չեն տվել բելառուսական իշխանություններին ստանալ վարկային տրանշները։
Խնդիրներից մեկը, որը բարդացնում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կյանքը, Մոսկվայի ցանկությունն է դադարեցնել Բելառուս նավթամթերքի անմաքս մատակարարումները։ Ըստ Reuters գործակալության՝ Ռուսաստանը մտադիր է հոկտեմբերից դադարեցնել Բելառուս նավթամթերքի անմաքս մատակարարումները։
Դաշնակից պետությանը միլիարդներ նվիրել ներկայիս պայմաններում ոչ ոք չի անի։ Իսկ ահա վարկ տրամադրելն այլ բան է, նշել է վերլուծաբան Վալերիյ Բեզուգլովը։
Ի դեպ, վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական կտրուկ հայտարարությունն էր արել Մոսկվայի հասցեին՝ «անբարեխիղճ մրցակցության» և նոր վարկեր տալուց Մոսկվայի հրաժարվելու ֆոնին։ «Ռուսաստանն իրեն բարբարոսի պես է պահում Բելառուսի հանդեպ, սակայն բելառուսները Մոսկվայի վասալները չեն»,- ասել էր նա։
Բելառուսի առաջնորդի նման հռետորաբանությունը կարելի է բանակցային մարտավարություն համարել։ Առաջին անգամ չէ, որ Լուկաշենկոն Մոսկվայի հասցեին ինչ ասես ասում է, հետո ստանում հերթական վարկը և հանգստանում, մինչ այն պահը, երբ նորից նրա փողերը վերջանում են, գրում է լրատվամիջոցը։