Ժիրինովսկին ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը
ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն հրահրում է հետխորհրդային երկրներին Ռուսաստանի հետ առճակատման և որ Ռուսաստանը պետք է պաշտպանի իր սահմանները Խորհրդային Միության վերականգնմամբ։ Նրա խոսքով՝ եթե նա լիներ Կրեմլում, ապա կսկսեր ԽՍՀՄ-ի վերականգնումն Ուկրաինայի «ազատագրումից», ինչից հետո կանցներ Հարավային Կովկասին՝ «Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին»։
«Մեր խնդիրը ո՞րն է։ Վերականգնել ԽՍՀՄ սահմանները։ Դրանք անվտանգության սահմաններ են մեզ համար»,- ասել է Ժիրինովսկին։
Նա նշել է, որ նոր միությունը կարելի է կոչել Ռուսական կոնֆեդերացիա, որի անդամ յուրաքանչյուր երկրի կտրամադրվի լայն ինքնավարություն։
Նա նաև մեկնաբանել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը։ «Կասպից ծովը բաժանել են 5-ի միջև։ Իսկ այն երկուսինն էր։ Ո՞վ է թույլ տվել այդ ամենը։ Գորբաչով, Ելցին։ Պատժվա՞ծ են։ Ոչ։ Կասպիցը մերն էր։ Այդ մենք ենք այնտեղ նավթ գտել։ Բաքվի նավթը մերն է, թուրքմենական գազը մերն է... »,- ասել է նա։
Ռուս քաղաքական գործիչը նաև նշել է, որ այսօր Ռուսաստանի գլխավոր թշնամին ԱՄՆ-ն է։ «Եվրոպան ծեր է, այն պառկած է, տատիկ է։ Այն ոչ մի սպառնալիք չի ներկայացնում։ Չինաստանը մեր գործընկերն ու ընկերն է։ Հարավում նույնպես ունենք կողմնակիցներ՝ Թուրքիան, Իրանը, Սիրիան, Իրաքը և այլ պետություններ»,- նշել է նա։