Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը նշանակում է առևտրային պատերազմի հայտարարում
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ուժեղացումը կգնահատվի որպես տնտեսական պատերազմի հայտարարում: Այդ մասին «Կրոնոցկի» արգելոցի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես չէի ցանկանա մեկնաբանել հետագա պատժամիջոցների մասին խոսակցությունները, բայց մի բան կարող եմ ասել. եթե հետևի բանկերի գործունեության արգելքի կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելքի նման մի բան, դա կարելի է անվանել տնտեսական պատերազմի հայտարարում: Եվ այդ պատերազմին անհրաժեշտ կլինի արձագանքել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները պետք է դա հասկանան»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հնչած հարցերին:
Խոսելով արդեն գործող և վերջերս հայտարարված պատժամիջոցների մասին՝ Մեդվեդևն ընդգծել է. «Որքան էլ արևմտյան գործընկերները մտածեն, որ ռուսները վատն են, որ սխալ քաղաքականություն են վարում, որ ՌԴ կառավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ՝ դա զգալի չափով մեր տնտեսական ուժի սահմանափակում է»:
Նա նշել է, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես ազդում են երկրի տնտեսության վրա:
«Դրա մեջ ոչ մի լավ բան չկա, որովհետև ամեն տեսակի սահմանափակում ի վերջո անդրադառնում է տնտեսության, արժույթների փոխարժեքի տատանման վրա»,- հավելել է նա:
ԱՄՆ վարչակազմը չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում քիմիական զենք կիրառելու համար: NBC հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է ՌԴ էլեկտրոնային սարքերի և երկակի օգտագործման համար նախատեսված պարագաների արտահանման արգելք, երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում, ԱՄՆ «Աերոֆլոտ»-ի թռիչքների արգելք և ամերիկյան արտահանման գրեթե ամբողջական դադարեցում: Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցների երկրորդ ալիքից, եթե երաշխավորի ապագայում քիմիական զենքի չկիրառումը:
Բացի այդ, անցած շաբաթ ամերիկյան Կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել, որով ենթադրվում են պատժամիջոցներ ՌԴ բանկային հատվածի դեմ: