Մոսկվան ողջունում է Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները. Զախարովան՝ Բաքվում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բաքվում ուրբաթ քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանցի գործընկերներին հրավերի համար, մենք ավանդական համագործակցություն ունենք: Մենք փոխանակվել ենք տարբեր հարցերի շուրջ կարծիքներով, դա հիանալի հնարավորություն է ինվենտարիզացնել այն աշխատանքը, որ մենք տանում ենք: Պայմանավորվել ենք ինտենսիվ կերպով կարծիքների փոխանակում իրականացնել, որոշել ենք միջազգային հարթակներում միջազգային համագործակցության ուրվագծերը»,- Բաքվում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, իրեն արդյունավետ և կառուցողական է դրսևորել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:
«Ռուսաստանը հիանալի տիրապետում է թեմային: Հակամարտության կարգավորման հարցով հանդիպումները տեղի են ունենում տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև բոլոր հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են կողմերը և որոնք կառուցողական են անցնում»,- հայտարարել է նա: