Հայաստանի համար հյուսիսատլանտյան այլընտրանքը փակ է ու քաղաքականապես ակտուալ չէ
Հայաստանի համար ՆԱՏՕ-ի թեզը և հյուսիսատլանտյան այլընտրանքը, որի մասին հաճախ է խոսվում, ունի մի պարզ, հակընդդեմ թեզ՝ այն Հայաստանի համար փակ է ու քաղաքականապես ակտուալ չէ: Այս մասին «Հայաստան և Ռուսաստան. իրականություն, խնդիրներ և հնարավորություններ» խորագիրը կրող համաժողովին հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Քաղաքական շահարկումների համար՝ այո: Ինչու Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու ոչ միայն շարքային անդամ, այլ իր ռազմական ներուժով երկրորդը ԱՄՆ-ից հետո: Եվ այս երկիրը Հայաստանի հետ ոչ միայն ունի բավականաչափ բարդ պատմական հարաբերությունների կոնցեպտ, այլև սա Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, երկիրը, որ ներդրում է անում Ադրբեջանի ռազմաարդյունաբերական համակարգում և ամբողջությամբ աջակցում է ղարաբաղյան հարցում»,-ավելացրեց Սերգեյ Մարկեդոնովը:
Քաղաքագետի խոսքով՝ այստեղ է, որ առաջանում է Ռուսաստանի գործոնը: Ոչ այն բանի համար, որ կա «ինչ-որ մի մեծ սեր» կամ պատմական մի ինչ-որ կանխորոշվածություն կամ խորհրդային, կայսերապաշտական ավանդույթներ, այլ զուտ հետաքրքրություններ: Նրա ամփոփմամբ՝ դաշնակցային հարաբերությունները «սիրո մասին չեն», այլ հետաքրքրությունների: Երբ դրանք չեն համընկնում, կողմերը թեքվում են տարբեր ուղղություններով և տարբեր կերպ մեկնաբանում: Չնայած դաշնակցությունը չի նշանակում, որ 100 տոկոսանոց համընկնումներ են լինելու:
Ըստ քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերություններում կա մի իրողություն, որի մասին ասաց. «Կարծեք թե հայ-ռուսական հարաբերությունների թեման բավականաչափ հայտնի է, հետաքրքիր, բայց այն այնքան էլ շատ չի քննարկվում որպես արժեք: Այս մասին խոսվում է կա´մ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, ինչը կարևոր հարց է, հատկապես հայկական ինքնության ու անվտանգության առումով, բայց երկկողմանի հարաբերությունները միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ չեն սպառվում: Մենք ընդհանրական խոսում ենք տարածաշրջանային անվտանգության ու կայունության մասին, բայց հայ-ռուսական հարաբերությունների դինամիկայի մասին հաճախ չենք խոսում: Ահա այսպիսի պարադոքս: Կամ էլ այդ մասին խոսում ենք, բայց ես դա անվանում եմ բաժակաճառերի քաղաքագիտություն: Բաժակաճառեր, երդումներ, հավատարմության «մանտրաներ», որ ինչ հեղափոխական ցնցումներ էլ լինեն, մենք հավատարիմ կմնանք մեր ժառանգությանը, ինչպես խորհրդային ժամանակներում՝ Լենինի գործին»:
Քաղաքագետի խոսքով՝ այստեղից էլ ծագում են «ինչ-ինչ թյուրըմբռնումներ ու միֆեր: Եվ հայ-ռուսական հարաբերությունները շատ հաճախ հայտնվում են «բավականաչափ լայն, միջազգային համատեքստերի տիրույթում»:
Անդրադառնալով հայ քաղաքագետների հայտնած տեսակետներին՝ Սերգեյ Մարկեդոնովը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերությունները, չնայած երկու երկրներում, Ռուսաստանում, գուցե ոչ այնքան, առաջնորդների փոփոխությանը, պահպանվում են: