Մարդկանց մեծ մասն իրեն մյուսներից խելացի է համարում
Եթե դուք ձեզ մեծամասնությունից ավելի խելացի եք համարում, ապա այդ հարցում չեք տարբերվում այդ նույն մեծամասնությունից: Սա հաստատվել է ուսումնասիրությամբ: Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մարդկանց մեծամասնությունն իրեն մյուսներից խելացի է համարում, փոխանցում է Planet-today-ը: Ուսումնասիրությունը հրապարակվել է PLoS ONE-ում: Գիտնականները նշում են, որ «իրենց ճանաչողական ունակությունները գերագնահատելու միտումը մարդկային հոգեբանության կայուն առանձնահատկությունն է»:
Իլինոյսի համալսարանի եւ Տուլուզի առաջավոր հետազոտությունների ինստիտուտի գիտնականները հարցման ընթացքում մարդկանց հարցրել են՝ համաձա՞յն են նրանք արդյոք «ես մեծամասնությունից խելացի եմ» պնդման հետ: Պարզվել է, որ հարցվածների գրեթե երկու երրորդը (65 տոկոսը) իրեն մեծամասնությունից ավելի խելացի է համարում:
Ընդ որում, որքան մարդն ավելի կրթված էր, այնքան ավելի մեծ էր հավանականությունը, որ նրանք կհամաձայնեն պնդման հետ: Հարցմանը մասնակցել է շուրջ 3000 մարդ: Կան նաեւ տարիքային տարբերություններ: Երիտասարդներն ավելի էին հակված համաձայնել այս պնդման հետ, քան ավելի մեծ տարիքի մարդիկ:
Գոյություն ունի նաեւ գենդերային տարբերություն: Հեռախոսային եւ առցանց հարցումների ժամանակ տղամարդկանց ավելի մեծ տոկոսն է իրեն խելացի համարել եւ անմիջապես համաձայնել է այս պնդման հետ: Հեռախոսային հարցման ժամանակ դա տղամարդկանց 71 տոկոսն է (կանանց 59 տոկոսի համեմատ), իսկ առցանց հարցման դեպքում՝ 72 տոկոսը (կանանց 60 տոկոսի համեմատ): Հատկանշական է, որ տղամարդիկ ավելի հակված են «վճռականորեն համաձայնել» այս պնդման հետ: