ԵԽ-ն կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին
Եվրոպական Խորհրդարանը կողմ է քվեարկել ՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Արդյունքներ՝ Կոնսենտի (համաձայնության) քվեարկություն՝ 573 կողմ, 50 դեմ, 45 ձեռնպահ: Բանաձևի քվեարկություն՝ 598 կողմ, 52 դեմ, 27 ձեռնպահ»,-մանրամասնել է Ա. Աշոտյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Եվրոպական Խորհրդարանը քննարկել է այս հարցը:
Նա հայտնել է, որ հիմնական զեկույցը ներկայացրել է պատգամավոր Լասլո Տոկեշը, հարակից զեկուցող է եղել ֆեդերիկա Մոգերինին: Քննարկմանը մասնակցել են եվրադեպուտատներ տարբեր քաղաքական խմբակցություններից:
«Համաձայնագիրը գնահատվել է որպես հաջողության պատմություն և պատմական հնարավորություն, ընգծվել է, որ այն հնարավոր է դարձել և ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, Մոգերինին հատուկ շեշտել է, որ այն չունի գեոպոլիտիկ բնույթ և կոնֆրոնտացիոն չէ։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, վերջին զարգացումներին, հատուկ ուշադրության է արժանացել իշխանափոխության խաղաղ և սահմանադրական բնույթը, կարևորվել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ներառական մեխանիզմի ապահովումը, ընդդիմության ներգրավածությունը բարեփոխումների գործընթացում և OSCE ODIHR ռեկոմենդացիաների կատարումը:
Եվրախորհրդարանը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկել»,-հայտնել է Ա. Աշոտյանը: