Միխայիլ Սահակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչել 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով եւ հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման դատապարտել, հաղորդում է Նովոստի-Գրուզիան՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը:
Քննությունը պարզել է, որ Սաակաշվիլին այն ժամանակ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հանձնարարել է ծեծել Գելաշվիլիին այն բանից հետո, երբ 2005 թվականի հունիսին «Ռեզոնանսի» թերթում հրապարակվել էր «Վալերի Գելաշվիլին իր տունը կզիջի Սաակաշվիլիին» վերնագրով հոդված: Այս հոդվածում Գելաշվիլին գրել էր, որ իր ունեցվածքը խլել են եւ իր վրդովմունքն էր հայտնել: Նույն հոդվածում նա վիրավորական կերպով էր խոսել Սաակաշվիլիի անձնական կյանքի մասին:
Սաակաշվիլու հանձնարարականը, ինչպես նշում է քննությունը, կատարվել է 2005 թվականի հուլիսի 14-ին: Գելաշվիլիին ծեծի էին ենթարկվել հատուկ օպերատիվ վարչության եւ հատուկ նշանակության ջոկատի զինված աշխատակցիները:
Գելաշվիլին գանգի վնասվածք էր ստացել, դեմքի ոսկորների բազմաթիվ կոտրվածքներ, քթի եւ ճակատի մասում պատառոտված վերքեր, վերին եւ ստորին ծնոտի ոսկորների կոտրվածքներ:
Սաակաշվիլիին մեղադրանք է ներկայացվել «ծառայողական լիազորությունների չարաշահում բռնության կիրառմամբ» եւ «մի խումբ մարդկանց կողմից առողջության համար լուրջ վնաս պատճառելու» հոդվածներով:
Սա վերջին տարվա ընթացքում Սաակաշվիլիի երկրորդ դատավճիռն է: 2018 թվականի հունվարին նա հեռակա կարգով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվիլանիի սպանության համար դատապարտված անձանց ներում շնորհելու կապակցությամբ: