Իրանը չի կոտրվի Թրամփի ճնշման տակ. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով վերջին շրջանում իրանա-ամերիկյան հարաբերությունների սրմանը, Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն, հայտարարել է, որ Թեհրանը չի կոտրվի նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման տակ ու կպայքարի իր անկախության, իսլամական արժեքների համար:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ռոհանին այս մասին ասել է պետական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ: Նա ընդգծել է, որ Թրամփի՝ Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան) միջև կնքված պատմական միջուկային գործարքից դուրս գալու որոշումն «ուղղակի զզվելի է, հակասում է օրենքին ու ամբողջ աշխարհում վնասում է ԱՄՆ-ի հեղինակությանը»:
Ռոհանին հավելել է, որ Իրանը պահպանում է խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու իր իրավունքը:
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ: