Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելի առաջ G7 գագաթնաժողովի ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում կայացած G7 գագաթնաժողովի ժամանակ Starburst կոնֆետներ է նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջ։ Այս մասին պատմել է քաղաքագետ և Eurasia Group խորհրդատվական ընկերության ղեկավար Իեն Բրեմմերը, փոխանցում է Интерфакс-ը։
Բրեմմերի խոսքով՝ գագաթնաժողովի ժամանակ Մերկելն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն փորձել են ճնշում գործադրել Թրամփի վրա՝ համոզելով նրան ստորագրել համատեղ փաստաթուղթը։ Թեև Թրամփն, ի վերջո, համաձայնել է ստորագրել այն, սակայն ակնհայտ էր, որ նա դժգոհ է՝ զգալով, թե ինչպես են G7-ի առաջնորդները միավորվում իր դեմ։
«Նա վեր կացավ, ձեռքը գրպանը տարավ, հանեց երկու Starburst կոնֆետ ու նետեց դրանք սեղանին։ Այնուհետև ասաց․ «Ահա, Անգելա։ Եվ չասես, որ ես քեզ երբեք ոչինչ չեմ տալիս»,- Թրամփի խոսքերն է փոխանցել Բրեմմերը։
G7 գագաթնաժողովն անցկացվել է հունիսի 8-9-ը Կանադայում։ Դրանից հետո Թրամփը հետ է կանչել համատեղ փաստաթղթին տված համաձայնությունը՝ պատճառաբանելով իր քայլը Կանադայի վարչապետի հայտարարությունների հետ անհամաձայնությամբ։