ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում. ԱԳՆ
Եվրամիությունը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի կառավարության հանձնառությունը եւ այս ուղղությամբ կառավարության ձեռնարկած հստակ գործողությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարվել է հունիսի 21-ին Եվրոպական Միության եւ Հայաստանի գումարած գործընկերության խորհրդի անդրանիկ նիստում:
Խորհուրդը ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը եւ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նշվում է, որ ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը ՀՀ-ում բարեփոխումներին, այդ թվում տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության տեսքով, ուղղված ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, Հայաստանում բարեկեցության եւ սոցիալ-տնտեսական աճի ավելացմանը:Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարություն
«Գործընկերության խորհուրդը ողջունել է Հայաստանում վերջերս տեղի ունեցած բողոքների խաղաղ բնույթը, որոնք հանգեցրին Սահմանադրության շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Խորհուրդը ընդգծել է Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորությունը՝ համահունչ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին` ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: ԵՄ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին նոր ընտրությունների կազմակերպման եւ դիտարկման հարցում: Գործընկերության խորհուրդը նաեւ շեշտեց, որ արդյունավետ եւ անկախ դատական համակարգը կարեւոր է օրենքի գերակայության համար եւ արժեքավոր նախապայման՝ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Խորհուրդը նաեւ մատնանշեց նոր քրեական օրենսգրքի եւ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակման արագ առաջընթացի անհրաժեշտությունը եւ ընդգծեց հակակոռուպցիոն բնագավառում համապարփակ օրենսդրության կարեւորությունը»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հայաստանը եւ Եվրամիությունը իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնելու եւ խորացնելու համագործակցությունն այս նոր իրավական փաստաթղթի, Արեւելյան գործընկերության եւ վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: