Ֆրանսիայում «տիտուշկաների» ղեկավար Արմեն Սարգսյանի փոխարեն սխալ մարդու են ձերբակալել
Ֆրանսիայի իրավապահ մարմիններն Ուկրաինայում հեղափոխության ժամանակ իրականացված հանցագործությունների գործով սխալմամբ ձերբակալել են Արմեն Սարգսյան անունով մեկ այլ մարդու, որը կապ չի ունեցել Ուկրաինայի կողմից հետախուզվող հայկական ծագմամբ գործարարի հետ, հայտնում է lb.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազությունում աղբյուրի:
«Ֆրանսիայի իրավապահ մարմինները հայտնել են, որ չեն կարողացել կատարել արտահանձնման մասին ուկրաինական դատախազության դիմումը, քանի որ ձերբակալվածը նույն տվյալներն ունեցող այլ մարդ է: Ստուգումից հետո ձերբակալվածն ազատ է արձակվել»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ կասկածվող Արմեն Սարգսյանն այժմ թաքնվում է Ռուսաստանում:
Կայքը հիշեցնում է, որ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով 2014 թվականի մայիսի սկզբին:
Նա մեղադրվում է «տիտուշկաների»՝ Կիևում Եվրամայդանի մասնակիցներին ծեծի ենթարկելուն ներգրավված երիտասարդների գործողությունների կազմակերպման համար:
Հաղորդվում է, որ ծնունդով Երևանից Արմեն Գորլովսկին (Սարգսյան) քրեական շրջանակներում հայտնի անձ է:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Արմեն Սարգսյանի «տիտուշկաները» ներգրավված են 2014 թվականի փետրվարի 19-ին լրագրող Վյաչեսլավ Վերեմիայի, ինչպես նաև Գորլովկայի քաղաքային խորհրդի ընդդիմադիր պատգամավոր Վլադիմիր Ռիբակի սպանությանը:
2018 թվականի ապրիլի 12-ին տեղեկություն է հայտնվել, որ Սարգսյանը ձերբակալվել է Ֆրանսիայում, սակայն հաջորդ օրը նա հերքել է իր ձերբակալությունը և հայտարարել, որ չի եղել Ֆրանսիայում: