«Քեզնով կփոխվի»․ Դիարբեքիրում Կարո Փայլանի պատկերով հայերեն նախընտրական պաստառներ են փակցվել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքում հայերեն նախընտրական պաստառներ են փակցվել, որոնց վրա պատկերված է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը։
Նախկինում Փայլանը հանդես է եկել որպես Ստամբուլից ընտրված պատգամավոր, այս անգամ հայազգի գործիչն առաջադրված է Դիարբեքիրից։
«Քեզնով կփոխվի», «Մեկ ձայն Դեմիրթաշին, մեկ ձայն ԺԴԿ-ին» գրված է նախընտրական պաստառի վրա, որի վրա տեղ է գտել նաև Փայլանի պատկերը։
Ավելի վաղ, մեկնաբանելով այս անգամ Դիարբեքիրից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու իր որոշումը, Փայլանն ասել էր․ «Հայերի, հույների մեծ մասն այսօր ապրում է Ստամբուլում, սակայն մենք Անատոլիայի հետ կապված պատմություն ունենք։ Պատմություն, որը հիմա կորցնում ենք։ Իմ նպատակն է հիշել ու հիշեցնել այդ պատմության մասին»։
Իսկ ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մոտ ապագայում Ստամբուլի հայ համայնքից բացի հայերը կարողանան իրենց խոսքն արտահայտել նաև Թուրքիայի այլ տարածքներում, Փայլանն ասել էր․ «Իհարկե։ Այսօր Անատոլիայի ցանկացած տարածք գնալիս, օրինակ՝ Համշեն, հայերեն խոսող մարդկանց եմ հանդիպում։ Գնում եմ Մուշ, ասում են՝ «Մեր նախնիները հայ են, մեր ամբողջ գյուղն իսլամացրել են»։ Դիարբեքիրի որ գյուղը գնամ՝ մարդիկ փորձում են պատմել այս պատմությունները։ Հիշողությունն իր տեղում է։ Կարևորն այդ հիշողությունն իր արժանի տեղը հասցնելն է։ Դիարբեքիրում մեր պատմությունը վերահաստատելն ու փոքրիկ քայլերով այդ ամենին հասնելը շատ կարևոր է»։