Աֆղանստանում սպանվել է «Թալիբան» շարժման պակիստանյան թևի առաջնորդը
Աֆղանստանի և Պակիստանի սահմանին աֆղանա-ամերիկյան համատեղ ավիահարվածների ժամանակ սպանվել է «Թալիբան» շարժման պակիստանյան թևի առաջնորդը։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Մոհամաադ Ռադմանիշը, գրում է բրիտանական Reuters գործակալությունը։
«Ես հաստատում եմ, որ Մուլլա Ֆազլուլլան՝ պակիստանյան «Թալիբան»-ի ղեկավարը, ոչնչացվել է սահմանին մոտ գտնվող Կունար նահանգում իրականացված համատեղ գործողության ընթացքում», - ասել է նա։
Համատեղ գործողության իրականացման լուրը հաստատել են նաև ամերիկացի զինվորականները, իսկ ԱՄՆ բանակի պաշտոնական ներկայացուցիչներից մեկն էլ նշել է, որ սպանվածն իսկապես Ֆազլուլլան է։
Այս շաբաթ Աֆղանստանում իրականացվել էր ահաբեկչական հարձակումների մի ամբողջ շարք, որոնց հետևանքով մահացել է 36 մարդ։
Երկրի իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին «Թալիբան»-ին, որը հրաժարվել էր նաև հրադադար հաստատել Ռամադանի տոնի կապակցությամբ։ Սակայն իրականացված ահաբեկչությունների համար որևէ ահաբեկչական կառույց այդպես էլ պատասխանատվություն չի ստանձնել։