Նորանշանակ պաշտոնյաներից ով ինչ կրթություն է ստացել
«Հրապարակը» գրում է. «Արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանած լինելը վերջին տարիներին դարձավ այն հիմնական չափանիշներից մեկը, որն անհրաժեշտ է մասնագիտական առաջխաղացման, հաջողության հասնելու համար: Ծանոթանալով կառավարության և նախարարությունների կայքերում տեղադրված տեղեկատվությանը՝ ներկայացնենք, թե նորանշանակ պաշտոնյաներից ով ինչ կրթություն է ստացել արտերկրում:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում ուսանելուց հետո 2014թ. գերազանցությամբ ավարտել է լոնդոնյան Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը սովորել է Հունաստանի Էգեյան համալսարանում, Դրեզդենի տեխնիկական համալսարանում, Հունաստանի ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարանում, ներգրավված է եղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերում:
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն ուսանել է Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, քաղաքագիտության դոկտոր է:
Նա ավարտել է նաև Լոնդոնի Դիվանագիտական ակադեմիան, Ուեսթմինսթրի համալսարանը, Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նորանշանակ փոխնախարարը չի զլացել անգամ իր կենսագրության մեջ նշել, թե ինչ թեզեր է պաշտպանել:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո ուսանել է Դամասկոսի «Արաբերենը՝ արտասահմացիների համար» ինստիտուտում, ավարտել է նաև ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան:
ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո վերապատրաստվել է ԱՄՆ Վանդերբիլթի համալսարանում, Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում, հետազոտական աշխատանք է կատարել Գերմանիայի Գյուրինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական և էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում:
Մյուս փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո եղել է ասպիրանտ-հետազոտող Տարտուի համալսարանում, կրթաթոշակային ծրագրերի է մասնակցել արտերկրում:
Արտգործնախարարի նորանշանակ տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ևս ավարտել է ԵՊՀ-ն, այնուհետև ուսանել Լոնդոնի համալսարանական քոլեջում՝ ստանալով «Քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում: Ռուբինյանն ուսանել է նաև Լեհաստանի Յագելոնյան համալսարանում և ստացել «Եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում:
Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ապա Փարիզի բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցը, Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական գիտությունների ֆակուլտետը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: