Ռիչարդ Միլսը խոստացել է աջակցել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներին
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հունիսի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի մրցունակությունը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նոր համաձայնագրի համար: Ամերիկացի դիվանագետը խոստացել է առաջիկայում անդրադառնալ այդ հարցին:
Փոխվարչապետի գրասենյակի տեղեկացմամբ՝ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ պատրաստ են աջակցել նոր կառավարության տնտեսական և քաղաքական բարեփոխումներին, և որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը կօգնի ներգրավել ավելի մեծ թվով ամերիկյան ընկերությունների, որոնք արդեն տեսնում են այստեղ առկա ներուժը:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր՝ ներառյալ ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունը, հարկային և ենթակառուցվածքային համակարգերում խթաններ հաղորդելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ դեսպանը կարևորել է նաև Լիդիան-Արմենիա ընկերության՝ որպես միջազգային խոշոր ներդրումային ծրագրի գործունեության շարունակականությունը: Փոխվարչապետը վստահեցրել է, որ նոր կառավարությունն անաչառ ուսումնասիրություններ է կատարելու՝ վեր հանելու Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի ընդհանուր պատկերն ու համապատասխանությունը միջազգային և պետական ստանդարտներին, և որ այդ ստուգումները պետք է կազմակերպվեն բոլոր ձեռնարկություններում՝ թափանցիկ ու բոլոր կողմերի համար արժանահավատ ձևաչափով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am