«Ուզում եմ լինել մեծ փորով ծեր մարդ». Ջոնի Դեփը նշում է 55-ամյակը
Ամենակերպարային, ամենացանկալի եւ անսահման տաղանդավոր` սրանք միայն ածականների կեսն են, որոնք բնութագրում են հոլիվուդյան սրտակեր, ամերիկացի հայտնի դերասան Ջոնի Դեփին: Կապիտան Ջեք Ճնճղուկի անզուգական դերակատարն ու բոլոր կանանց սիրելին այսօր դառնում է 55 տարեկան:
Դեփի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Մկրատաձեռք Էդվարդը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մի անգամ Մեքսիկայում», «Կոկաին», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Քնած հովիտը», «Չարլին եւ շոկոլադե գործարանը», «Շոկոլադ», «Մռայլ Ստվերներ», «Ջոն Դիլինջեր», «Հռոմեական օրագիրը»… այս շարքը կարելի է անվերջ շարունակել:
Դեփը Հոլիվուդի ամենակերպարային դերասանն է. մի ֆիլմում նրան տեսնում ենք մաչոյի կերպարում, մյուսում` ֆանտաստիկ հերոսի, մեկ ուրիշում` վամպիրի կամ խելացնոր գլխարկագործի, սակայն փաստը մնում է փաստ` ցանկացած կերպարում Ջոնին հմայիչ է եւ սիրված: Նա կարողանում է իրենով անել իր կերտած բոլոր հերոսներին: Եւ չնայած այս ամենին` Դեփը դեռեւս չի արժանացել բաղձալի «Օսկար» մրցանակին: Փոխարենը նրա մրցանակների թվում են` «Ոսկե Գլոբուսը» եւ Screen Actors Guild Award-ը:
Այսօր վերհիշել ենք դերասանի հայտնի մեջբերումներից մի քանիսը.
«Կարծում եմ՝ մենք պարզապես պետք է հաճույք ստանանք ընթացքից, երբ մենք արդեն դրա մեջ ենք»:
«Զվարճալի է, երբ տեսնում ես, թե ինչպես է քո դուստրը փոքրիկ աղջնակից վերածվում երիտասարդ կնոջ: Եթե դու չես հետեւում այդ ընթացքին, դու կարող ես բաց թողնել այդ կարեւոր պահը: Հիմա Լիլի Ռոուզն այդ ճանապարհին է, եւ ես ոչինչ չեմ կարող անել»:
«Ես շատ հետամնաց մարդ եմ, ուզում եմ լինել մեծ փորով ծեր մարդ, որը կնստի ափին ու կհիանա լճի գեղեցկությամբ»:
«Մի բան կա իմ մեջ, որն ինձ թույլ չի տալիս անել որոշակի բաներ, որոնք հեշտ են տրվում»:
«Ես անազնիվ մարդ եմ, եւ սովորական է, երբ անազնիվ մարդիկ անազնիվ բաներ են անում: Իրականում հենց անազնիվ մարդիկ են ամենաազնիվները»:
«Այլեւս չկա ոչ մի ճշմարտություն»:
«Ես սիրում եմ փորձել տարբեր բաներ ու միշտ հետաքրքրությամբ հետեւում եմ՝ արդյոք ինձ մոտ կստացվի՞, թե՞ կընկնեմ գետնին բերանքսիվայր»:
«Պարելու միտքը միակ բանն է, ինչն ինձ վախեցնում է»:
«Ամեն մի դերիդ մեջ քո մի մասնիկը կա: Այդպես էլ պետք է լինի, այլապես դա խաղ չի լինի, այլ խաբեություն»:
«Իրականում ես շատ ամաչկոտ եմ, պարզապես աշխատանքս է տարօրինակ»: