Պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ եւ լիարժեք մասնակցությանը. Քոչարյանի գրասենյակի ղեկավար
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է պնդել, թե ԼՂՀ-ն դադարել է ուղղակիորեն մասնակցել բանակցություններին ոչ թե 1998, այլ դեռեւս 1996 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ պատճառով համաձայնել են դրան: Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Սողոմոնյանը մեկնաբանել է նախօրեին, կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Անցած տարիներին կարգավորման գործընթացը մշտապես ընթացել է երեք հարթություններում: Դրանք են. երկու բանակցային գործընթացները եւ մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերը: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է եղել ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չի եղել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձեւաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանել է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ, այնուամենայնիվ կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձեւաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաեւ ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեեւ ոչ լիարժեք ձեւով»,- ասել է Սողոմոնյանը:
Նա նաեւ միանշանակ ողջունելի է համարել նոր իշխանությունների մղումը` ԼՂՀ-ն դարձնել նաեւ նախագահների միջեւ առկա բանակցային ձեւաչափի մասնակից: «Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ եւ լիարժեք մասնակցությանը: Լավագույնը կլիներ ԼՂՀ եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձեւաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այլ հարց է, թե որքանով դա իրագործելի նպատակ է, գոնե այսօր: Եվ մեկ այլ հարց է` թե ինչ հետեւանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից»,- ասել է Սողոմոնյանը։