Հունիսի 1-ից ատոմակայանի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի աշխատանքը կդադարեցվի. մեզ նոր ատոմակայան պետք չէ
Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի ռեակտորի եւ թիվ 3 տուրբոագրեգատի աշխատանքը դադարեցվելու է եւ մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նշենք, որ պլանավորված է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը կվերագործարկվի ս.թ. օգոստոսի 1-ին՝ 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը կգործարկվի նոյեմբերի 13-ին, էներգաբլոկն առավելագույն հզորության կհասնի ս.թ. դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, որի շրջանակում ս.թ. ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել տուրբոագրեգատի վերանորոգում եւ արդիականացում:
Նախարարի գլխավորությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանում տեղի է ունեցել նաեւ աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքներին:
Խորհրդակցությանը մասնակցել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավար եւ ինժեներական անձնակազմը։
Օրակարգի մեկ այլ հարցով անդրադարձ է եղել արդիականացման միջոցառումների ծրագրին: Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի եւ սարքավորումների փոխարինման աշխատանքներ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Այս պահին նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, Մեծամորի ատոմակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ հավելելով, որ նոր ատոմակայանի կառուցման եւ նման հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունեցել: