Դատախազությունն արձագանքել է «Հետքին»՝ կստուգվի Հանրային հեռուստաընկերության գործունեությունը
Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները: «Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել»,- նշված է ԳԴ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «Հետք» էլեկտրոնային պարբերականն այս ամիս երկու հոդված էր հրապարակել, որոնցում անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերությունում գրանցված խախտումներին։ Մայիսի 17-ին՝ «Բյուջեն մոտ 5 մլրդ դրամ խախտումներով է ծախսվել» և մայիսի 23-ին՝«Հանրային հեռուստաընկերությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է» վերնագրերով հոդվածներում առկա տեղեկությունները գլխավոր դատախազության համար ուսումնասիրության առարկա են դարձել։