«Հրաժարական չեմ տալու». Հրայր Թովմասյան (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
Թովմասյանը նաև ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
«Ազատություն». - Ձեր հեղինակած Սահմանադրության արդյունքը չէ՞ր, որ ապրիլին էսպիսի վիճակում հայտնվեց Հայաստանը։
Թովմասյան. - Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին, և այն ժամանակահատվածում դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել։
«Ազատություն». - Բայց փորձը ցույց տվեց, որ դա կոնկրետ Սերժ Սարգսյանի համար էր, ինչը Դուք հերքում էիք։
Թովմասյան. - Ինչում Դուք սխալվեցիք, և իրադարձությունները ցույց տվեցին։
«Ազատություն». - Ժողովրդական շարժման արդյունքում նա հեռացավ և ոչ թե Սահմանադրության։
Թովմասյան. - Դուք հիմա տալիս եք հարցեր, որոնք իրենց մեջ քաղաքական կոնտեքստ ունեն։ Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է ապահովել քաղաքական չեզոքություն և զսպվածություն։ Խնդրում եմ Ձեզ՝ մի տվեք հարցեր, որոնք իրենց մեջ քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որովհետև ես դրանց չեմ կարող պատասխանել, և ես վատ եմ զգում, որ չեմ կարող դրանց պատասխանել, իսկ հարցը կարծեք թե հնչում է և մնում է օդի մեջ: Սա պարզապես խնդրանք Ձեզ և Ձեր բոլոր կոլեգաներին։
«Ազատություն». - Դուք հրաժարական տալո՞ւ եք, պարոն Թովմասյան։
Թովմասյան. - Ո՛չ։
Նշենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու կոչով հարյուրից ավելի փաստաբաններ դիմել են երկրի նախագահ Արմեն Սարգսյանին:
Հարցին, թե Վահե Գրիգորյանին տեսնո՞ւմ է իր դատարանի դատավոր, Թովմասյանը պատասխանեց. - «Ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա Ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի աջակցությունը։ Ես, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, ունեմ զրո ազդեցություն որոշելու, թե ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավոր։ Ցանկացած թեկնածությանը, որը կառաջադրեն այդ երեք սուբյեկտները՝ հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը, վերաբերում եմ հարգալից, ես հարգում եմ այդ բոլոր կառույցների սահմանադրական իրավունքը՝ որոշելու, թե ով է լինելու»։