Առաջիկա ամիսները հնարավորություններ կբացեն ԼՂ հակամարտության կարգավորման համար. Թրամփն՝ Ալիևին
Առաջիկա ամիսները հնարավորություններ կբացեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում, հաղորդում է minval.az-ը:
«Ամերիկացի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և ադրբեջանցի ժողովրդին՝ Հանրապետության օրվա և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առթիվ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգներն անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ՝ խաղաղ ճանապարհով այդ հակամարտության կայուն կարգավորման համար: Առաջիկա ամիսներին մենք հնարավորություններ կփնտրենք հակամարտության կարգավորման համար, դա թույլ կտա է՛լ ավելի բարելավել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:
«Մենք բարեհաջող կերպով համագործակցում ենք անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, երկար տարիներ բարեհաջող համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, որի արդյունքը Հարավային գազային միջանցք նախագծի իրականացումն է՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է Թրամփը:
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ անհամբերությամբ սպասում է Իլհամ Ալիևի հետ համատեղ աշխատանքին: