ԱՄՆ-ն հուսով է, որ Թուրքիան, ի վերջո, չի գնի Ռուսաստանից C-400 համակարգեր․ Պոմպեո
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ԱՄՆ-ն հուսով է, որ Թուրքիան, ի վերջո, չի գնի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։
«Նրանք դեռ չեն արել դա (նկատի ունի՝ այդ համակարգերը դեռ չեն մատակարարվել-tert.am), և հույս ունենք, որ երբեք չեն էլ անի»,- ասել է Պոմպեոն՝ հիշեցնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա ձեռնարկած քայլերը պետք է ՆԱՏՕ-ի քաղաքականությանը համապատասխան իրականացվեն։
Պոմպեոն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն որոշակի քայլեր է ձեռնարկում այդ գործարքի իրականացումը կանխելու համար։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այս համատեքստում իրենք դեռ վերջնական որոշում չեն կայացրել, թե արդյոք կիրականացնեն F-35 կործանիչների մատակարարումները Թուրքիա։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, խոսելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին, նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է այլընտրանքային տարբերակ առաջարկել Թուրքիային:
2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար: