Հայաստանի ո՞ր մարզերում է ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը
«168 Ժամը» գրում է. «Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 167 հազար 049 դրամ, ամենաբարձրը Սյունիքի մարզում է՝ 206 հազար 570 դրամ, ամենացածրը՝ Արագածոտնում և Շիրակում՝ 104 հազար դրամից մի փոքր ավելի:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն, 2018թ. հունվար-մարտ» զեկույցի տվյալներով մայրաքաղաքում 2018-ի հունվար-մարտին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 189 հազար 109 դրամ: Հանրապետության մյուս մարզերում միջին աշխատավարձն ավելի մոտ է ցածր շեմին՝ 104-122 հազար դրամի սահմանում է: 2017 թվականի կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի բարձր է եղել՝ 195 հազար 074 դրամ, Երևանում գերազանցել է 210, Սյունիքում 250 հազար դրամի շեմը: Առավել ցածր ցուցանիշները կրկին գրանցել են Արագածոտնի և Շիրակի մարզերը, մի դեպքում 123 հազար 508 դրամ է, մյուս դեպքում՝ 135 հազար 403 դրամ:
Վերջին հինգ տարիներին միջին ամսական անվանական աշխատավարձը հանրապետությունում բարձրացել է շուրջ 50 հազար դրամով: Մարզերի կտրվածքով միջին աշխատավարձի աճը 2017-ին 2013-ի համեմատ միջինից բարձր է Սյունիքի և Տավուշի մարզերում, Երևանում մոտ է հանրապետական միջինին, մյուս մարզերում աճի չափն ավելի ցածր է հանրապետական միջինից»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: