Մալայզիայի նոր վարչապետը կնվազեցնի նախարարների աշխատավարձը
Մալայզիայի նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադն իշխանության առաջին երկու շաբաթների ընթացքում հայտարարել է մի շարք պետական գերատեսչություններ վերացնելու և 10 տոկոսով նախարարների աշխատավարձերը նվազեցնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, կվերացվի Հատուկ խնդիրների դեպարտամենտը, Արտաքին հետախուզության մալայզիական կազմակերպությունը, Ազգային նորարարական գործակալությունը, Նորարարությունների և ստեղծագործականության մալայզիական համաշխարհային կենտրոնը, Ցամաքային տրանսպորտի հանձնաժողովը, Գործադիր մարմնի գործունեության վերահսկողության բյուրոն, Պրոֆեսորների և դասախոսների ազգային խորհուրդը և Բնակչության ներկայացուցիչների կոմիտեն:
Թվարկված կազմակերպություններից միայն մեկն ամբողջությամբ կպահպանի իր կազմակերպչական կառուցվածքը. Ցամաքային տրանսպորտի հանձնաժողովը կմտնի Տրանսպորտի նախարարության կազմի մեջ՝ որպես նոր դեպարտամենտ:
Մայիսին 60 տարվա ընթացքում առաջին անգամ Մալայզիայում խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը: Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, ում «Ազգային ճակատ» կուսակցությունն իշխանության է եղել 1957 թվականից ի վեր, հայտարարել է, որ ընդունում է «ժողովրդի կամքը»: