Տա աստված, որ չվերցնեն կաշառք. Ս. Սարոյանը՝ նորանշանակ նախարարների մասին (Տեսանյութ)
Գործադիր մարմնի անդամները նոր են նշանակվել, ու դեռևս նրանց լավ չեմ ճանաչում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հարցեր են տալու կառավարության նոր անդամներին, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնելու:
Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե երիտասարդ նախարարներն անփորձ են «ատկատների ու կոռուպցիայի» հարցում, Սարոյանն արձագանքեց. «100 տոկոս ճիշտ է ասել, ջահել են դեռ, սովոր չեն, բայց կսովորեն: Տա աստված, որ չվերցնեն կաշառք: Կյանքը ցույց կտա»:
Հարցին` արդյո՞ք ծանոթ է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը «ազգ-բանակ» հայեցակարգի մասին, թե պետք է հանել այդ հայեցակարգը, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ծանոթ չեմ, բայց մի բան գիտեմ` բոլորս պետք է մեր բանակի կողքին լինենք՝ անվտանգության քարտուղար կլինի, Սեյրան Սարոյան կլինի, որը մեր բանակի համար լավ է պիտի անենք»:
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ կոռուպցիոն դրսևորումների հայտնաբերման մասին, Սարոյանն ասաց, թե ինքը չի վախենում, ավելին՝ շեշտեց, որ եթե ինքը նման բան է արել, թող իր անունն էլ հրապարակեն. «Ես պետական պաշտոնի եղե՞լ եմ, որ բան գողանամ էս պետությունից»։
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ գեներալը դժվարացավ ասել՝ ինքը կմասնակցի՞, թե ոչ և նշեց, թե կյանքը ցույց կտա։
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ չի զիջել իշխանությունը, քանի որ խորհրդարանում մեծամասնություն է, Սարոյանն ասաց. «Մեր նման խելո՞ք: Նիկոլն ինչ թուղթ բերեց, կնոպկեն սեղմինք՝ գնաց։ Էսօր բա ո՞ւմ բերածներն էին, որ քվեարկեցինք, հո՞րս: Նիկոլի բերածներն էին: Տեսաք՝ միաձայն գնաց»:
Պատգամավորը, պատասխանելով հարցին՝ բացառու՞մ է իր՝ ՔՊ-ի ցուցակով ընտրություններին մասնակցելը, Սարոյանն ասաց, թե չի կարող ասել՝ վաղն ինչ կլինի: Նա շեշտեց, որ պետականամետ մարդ է և իրեն հետաքրքրում է, որ պետությունը հզոր լինի, ժողովուրդը լավ ապրի։
Գեներալը խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր միջև հնարավոր բանակցությունների մասին՝ ԼՂ հակամարտության շուրջ. «Շա՞տ գիտեմ Նիկոլի մտքի մեջ ինչ կա: Բայց որ Նիկոլն էլ հայրենասեր, թասիբով տղա է, դա չենք կարող կասկածել: Ինքն ամեն ինչը, ինչ ժողովրդին պետք է, բոլորիցս լավ գիտի, որովհետև միշտ բարձրաձայնել ա էդ հարցերը»։