Արիզոնայում ոսկերչական խանութի հայ աշխատակիցը 250 հազար դոլարի զարդ է գողացել Հայաստան մեկնելուց առաջ
ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում գտնվող Diamondcraft ոսկերչական խանութի աշխատակիցը 250 հազար դոլարի թանկարժեք զարդեր է գողացել Հայաստան ուղևորվելուց առաջ, հաղորդում է abc15.com-ը:
Սքոթսդեյլի ոստիկանության հաղորդմամբ՝ մայիսի 15-ին իր տանը ձերբակալվել է 35-ամյա Էմմա Փչաքջյանը: Ոստիկանությունը հայտնաբերել է կանխիկ 8.700 դոլար և բազմաթիվ թանկարժեք զարդեր, որոնք պատկանել են կնոջ գործատուին:
Հաղորդվում է, որ մայիսի 1-ին խանութի սեփականատերերը հայտնաբերել են, որ անհետացել է տղամարդու ադամանդե մատանի, ինչպես նաև դրա գույքագրման լուսանկարը: Հաջորդ օրը Փչաքջյանը դուրս է եկել աշխատանքից:
Ավելի ուշ պարզվել է, որ վերջին չորս ամիսներին խանութից անհետացել է ընդհանուր 250.000 դոլարի թանկարժեք զարդ:
Ոստիկանության հաղորդմամբ՝ անհետացած թանկարժեք զարդերի մի մասը հայտնաբերվել է մոտակայքում գտնվող գրավատներում, բայց մեծ մասը՝ 180.000 դոլար արժողությամբ զարդերը, չեն հայտնաբերվել:
Փչաքջյանը խոստովանել է գողությունների մասին՝ ասելով, որ նա ամաչում է իր արածի համար, բայց փողի կարիք է ունեցել, քանի որ նրա ամուսինը կորցրել է աշխատանքը:
Նա նաև հայտնել է ոստիկանությանը, որ նրան գումար է հարկավոր եղել մայիսի վերջին Հայաստան այցելելու համար: