Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ (ուղիղ)
Ակցիայի մասնակիցները պահանջում են կամ ընդհանրապես դադարեցնել Ամուլսարի հանքի շահագործումը, կամ որոշ ժամանակահատվածով կասեցնել, որպեսզի հնարավոր լինի նոր ուսումնասիրություններ իրականացնել:
«Ցանկալի է, որ ընդհանրապես կասեցվի, որովհետև դա անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, իսկ պետությունը պարտավոր է նման գործունեության դեմն առնել: Կամ գոնե ժամանակավորապես կասեցվի, օրենսդրական դաշտը հստակեցվի և նոր օրենսդրական դաշտի պարագայում նոր հետազոտություններ իրականացվեն: Եթե հետազոտությունը ցույց տա, որ վնասներն անդառնալի չեն լինի և կվերահսկվեն հնարավոր բոլոր ձևերով, արդեն այդ ժամանակ կերևա»,- ասաց ցուցարարներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ կախված նամակի պատասխանից՝ հայտնի կդառնան իրենց հետագա գործողությունները:
Մինչ երթի մեկնարկը ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենք փողոց չեն փակելու, քայլերթն ընթանալու է մայթերով:
«Մենք ենք տերը մեր երկրի. Ամուլսարն առանց հանքի» վանկարկումով մեկնարկեց երթը դեպի նախագահի նստավայր:
Այս պահին Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցների հետ։