Լիտվացի կինոգործիչները Նարեկացուն նվիրված երկու ֆիլմ են նկարահանելու
Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով Հայաստանում են լիտվացի կինոգործիչներ՝ ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը եւ օպերատոր Ստոնիս Պաուլիուսը: Նրանց ընդունել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա ինձ տվեց գիրքը, ես կարդացի ու ցնցվեցի: Հենց այդպես էլ ծնվեց այս նախագծի գաղափարը»,- հանդիպման ժամանակ ասել է լիտվացի կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը:
Լիտվացի կինոգործիչները ներկայացրել են իրենց նախագիծը, որը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նրանք ակնկալում են նաեւ հայկական կողմի աջակցությունը: «Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալի օրինակը»,- ասել է Աուդրիուսը:
Ռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչուսը նշել է, որ ֆիլմերի սցենարները պատրաստ կլինեն աշնանը: Նկարահանումների մեծ մասը նախատեսում են իրականացնել Հայաստանում: Նկարահանումներ կիրականացվեն Լիտվայում, ինչպես նաեւ Իտալիայում, մասնավորապես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Ֆիլմը կլինի եռակողմ՝ հայ-լիտվական-իտալական:
Լիլիթ Մակունցը խոստացել է աջակցել ծրագրին՝ ինչով հնարավոր է, քանի որ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելը նախարարության որդեգրած առաջնահերթություններից է: