Մալայզիայի ոստիկանությունը նախկին վարչապետի տներից ավելի քան 2.5 մլն դոլար կանխիկ գումար է առգրավել
Մալայզիայի իրավապահ մարմինները նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին պատկանող բնակարաններում իրականացված խուզարկության ժամանակ ավելի քան 2.5 մլն դոլար կանխիկ գումար են հայտնաբերել, գրում է The Straits Times-ը՝ հավելելով, որ գումարի հստակ չափը հնարավոր չէ ասել, քանի որ փողերը դեռ հաշվում են:
Աղբյուրը նկատում է, որ առգրավված գումարն ամբողջությամբ հաշվելը բավական բարդ գործընթաց է, քանի որ փողերը պահվել են տարբեր արժույթներով:
Հայտնի է, որ նախօրեին Նաջիբը հարցաքննվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի կողմից, ինչը պայմանավորված էր SRC International պետական հիմնադրամից միջնորդ ընկերությունների միջոցով նրա անձնական բանկային հաշիվներին ավելի քան 7.5 մլն դոլարի փոխանցումներով:
Հիշեցնենք, որ Մալայզիայի ոստիկանությունն օրեր առաջ Ռազակին պատկանող բնակարաններից առգրավել է ավելի քան 280 տուփ՝ լի կանխիկ գումարով, թանկարժեք ոսկերչական զարդերով, ժամացույցներով, ինչպես նաև տասնյակ էքսկլյուզիվ Hermes պայուսակների հավաքածուով:
Այդ ամենը հայտնաբերվել է մայրաքաղաք Կուալա Լումպուրի էլիտար բնակելի համալիրներից մեկի բնակարաններում:
Հայտնի է, որ լրագրողները պարբերաբար անդրադարձել են նախկին վարչապետի կնոջ շքեղ ապրելակերպին՝ գրելով նրա 12.000-300.000 դոլար արժողությամբ Hermes պայուսակների, ինչպես նաև 23 մլն դոլարով բացառիկ վարդագույն ադամանդ գնելու մասին:
Ավելի վաղ երկրի նորընտիր վարչապետ Մահաթհիր Մոհամադը խոստացել էր քննել Նաջիբի ստեղծած 1MDB պետական ներդրումային հիմնադրամից առանձնակի խոշոր չափի գումարների յուրացման հարցը: