Մեծ Բրիտանիան պարտավորեցրել է Ռոման Աբրամովիչին բացատրել կուտակած կարողության ծագումը
ՌԴ հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը պետք է բացատրություն տա Մեծ Բրիտանիայի իշխանություններին, թե որտեղից իրեն այդքան կարողություն։ Այս գործընթացը հարկավոր է նոր վիզա ստանալու համար, ինչը թույլ կտա գործարարին այդ երկիր վերադառնալ, գրում է The Telegraph-ը։
Նշվում է, որ վիզա ստանալու նոր, առավել խիստ կանոնները պահանջում են հաստատել, որ դիմումատուն իր կարողությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։
The Bell-ի տվյալների համաձայն՝ Աբրամովիչն ուներ «ներդրումային» վիզա, որը տալիս են բրիտանական տնտեսության մեջ 2 մլն ֆունտ սթերլինգից սկսած ներդրում անելու դեպքում։ Այս վիզան տրամադրվում է 3 տարի, 4 ամսով և կարելի է երկարաձգել։
Աբրամովիչի վիզայի ժամկետը լրացել է ապրիլին։ Օրերս օլիգարխին մոտ աղբյուրները հայտնել էին, որ գործարարին նոր վիզա չեն տրամադրել։ Նա չի կարողացել ներկա գտնվել Անգլիայի գավաթի եզրափակիչ փուլին, որում պետք է հանդես գար նրան պատկանող «Չելսի» ֆուտբոլային ակումբը։
Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովը հրապարակել էր զեկույց Ռուսաստանից ստացվող «կեղտոտ փողերի» մասին։ Փաստաթղթում ասվում էր, որ թագավորությունը չպետք է աչք փակի «Պուտինի ավազակապետության ներկայացուցիչների ու մարդու իրավունքները ոտնահարողների» գործողությունների վրա։